Թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, սակայն Հայաստանում արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Պատճառները շատ են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Բայց ի թիվս իրավիճակային, օպերատիվ լուծում ենթադրող գործոններրի՝ կան իրավիճակի անփոփոխելիությունը պայմանավորող խորքային՝ համակարգային պատճառներ։
Հայաստանում անցած տարվա ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, չնայած հեղափոխության կարգախոսներին ու հռչակումներին, դե ֆակտո չի փոխվել տնտեսաքաղաքական համակարգը։ Չի փոխվել տնտեսության բազիսը, որը պայմանավորում է նաև քաղաքական գործընթացները։ Երկու տասնամյակ շարունակ Հայաստանի տնտեսության բազիսը, ողնաշարը եղել է մոնոպոլ-օլիխարգիկ համակարգը, որն իր հերթին հանդիսացել է քաղաքական իշխանության, լայն իմաստով նաև՝ ընդհանրապես քաղաքականության հենասյունը։ Օլիգարխիկ ու քաղաքական համակարգերը Հայաստանում սերտաճած են եղել այնքան ու այնպես, որ փոխպայմանավորել են մեկը մյուսին՝ օլիգարխիան ապահովել է քաղաքական իշխանության վերարտադրությունն ու քաղաքականության ֆինանսավորումը, քաղաքական իշխանությունն էլ սպասարկել է օլիգարխիայի մոնոպոլ-տնտեսական շահերը։
Նաև ու գուցե առաջին հերթին այս իրողությունն է եղել Հայաստանի քաղաքական համակարգի դեգրադացման, այլասերման պատճառը, որովհետև քաղաքականությունն ամբողջությամբ հասցվել փողի, քաղաքականության հիմնական նշաձողը եղել է փողը, ինչը բնական է՝ թույլ չէր տալու, որպեսզի փողից զուրկ քաղաքական միավորները զբաղվեին իրական քաղաքականությամբ։ Իշխանությանը հաջողվել էր ամբողջությամբ վերահսկելի դարձնել երկրի ֆինանսական հոսքերը՝ ընդդիմությանը գործնականում զրկելով գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ նվազագույն իսկ ֆինանսի հնարավորությունից։ Դա էր իշխանության ու բիզնեսի, քաղաքականության ու օլիգարխիայի սերտաճման արդյունքը, ինչը վերացնելու խոստմամբ նաև Նիկոլ Փաշինյանն անցած տարի հեղափոխություն իրականացրեց։
Անցած մեկուկես տարիները ցույց տվեցին, սակայն, որ նա շատ արագ մոռացավ իշխանության ու բիզնեսի տարանջատման, օլիգարխիայի ու քաղաքականության սերտաճումը վերացնելու խոստումը։ Դրա վկայությունն այն է, որ այսօր էլ Հայաստանի տնտեսական համակարգի ողնաշարը նույն մոնոպոլ-օլիգարխիկ համակարգն է, որը գործում էր նախորդ երկու տասնամյակներին։
Իշխանության ու բիզնեսի սերտաճումը միայն Ազգային ժողովում գործարար պատգամավորների ներկայությունը չէ, որի վերացումը գործող իշխանությունը կարող է և ներկայացնում է որպես գործարարության ու քաղաքականության տարանջատում։ Որովհետև օլիգարխիկ համակարգը առանց խորհրդարանում գտնվելու էլ ազդում է իշխանության, նրա որոշումների վրա, եթե համարվում է տնտեսության ողնաշարը։
Անցյալ մեկուկես տարիների ընթացքում գործող իշխանությունը որևէ տեսանելի քայլ չի արել այդ իրավիճակը վերացնելու, Հայաստանի տնտեսության ստատուս-քվոն փոխելու, տնտեսական դաշտն իրապես ազատականացնելու ու մրցակցային դարձնելու համար։ Արդյունքում ինչպես նախորդ իշխանությունն էր կախված օլիգարխիայից, այնպես էլ նրանից է կախված գործող իշխանությունը։ Այդ կախվածությունը ուղղակի ինտեգրումը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Այդ կախվածությունն անխուսափելի է այն դեպքում, երբ նույն օլիգարխիան է համարվում երկրի տնտեսության շարժիչ ուժը, ըստ էության՝ հենարանը։
Հայաստանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ մի քանի օլիգարխներ կարող են հաշված ժամերի ընթացքում կաթվածահար անել տնտեսական կյանքը՝ ուղղակի կամ անուղղակի սաբոտաժով։ Ահա դրանում է նաև արտահայտվում իշխանության կախվածությունը օլիգարխիայից, որովհետև իշխանությունը կաշկանդված է գործել մի համակարգի հետ ու առավել ևս նրա դեմ, որը տարբեր շարժառիթներով կարող է կաթվածահար անել տնտեսական կյանքը։ Արդյունքում, կրկում ենք, ունենք մի իրավիճակ, երբ տնտեսաքաղաքական համակարգում փոխվել է միայն քաղաքական ենթահամակարգը, ընդ որում՝ այդ փոփոխությունն առայժմ առավելապես ցուցափեղկային նշանակություն ունի։
Տնտեսաքաղաքական համակարգի մյուս բաղադրիչը՝ տնտեսական բազիսը, մնացել է նույնը՝ օլիգարխիան։ Որովհետև անցած մեկուկես տարիների ընթացքում իշխանությունը վստահաբար ցանկացել, բայց չի կարողացել վարել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը Հայաստան կբերեր ներդրումներ, որը Հայաստանը կդարձներ ներդրումների համար գրավիչ, իսկ տնտեսությունը՝ մրցունակ ու մրցակցային։ Հանրագումարում՝ իշխանությունը չի կարողացել տնտեսական կյանքի սուբյեկտ դարձնել քաղաքացուն՝ չնայած տնտեսական ակտիվություն ցուցաբերելու մասին Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հորդորներին։ Որովհետև քաղաքացին տեսել ու զգացել է, որ իրեն տնտեսական ակտիվության կոչ անող իշխանությունը որևէ ակտիվություն չի ցուցաբերում իր վատ կյանքի պատճառ հանդիսացած քրեաօլիգարխիկ համակարգի վերացման հարցում։
Հայաստանը, ինչպես ընդունված է ասել, հակասությունների երկիր է։ Այսօր մենք ապրում ենք քաղաքական, քաղաքագիտական նոնսենսի պայմաններում. երկիրն ունի ժողովրդավարական իշխանություն, դեմոկրատական կառուցակարգեր, սակայն ամենակարևոր կառուցակարգը՝ տնտեսության ողնաշարը, կազմում է ավտորիտար համակարգի սպասարկման համար ստեղծված օլիգարխիան։ Արդյունքում դեմոկրատական իշխանությունը կամա թե ակամա սպասարկում է օլիգարխիային, որի ներկայացուցիչներն իրենց բավական կոմֆորտ են զգում թավշյա իշխանության պայմաններում. նրանց կարգավիճակում փոփոխություն չի եղել, նրանք ընդամենը Սերժ Սարգսյանի օլիգարխներից վերածվել են Նիկոլ Փաշինյանի օլիգարխների։ Ընդամենը։
Հ. Գ. Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը առաջնային քայլերի ու խոստումների թվում նշում էր «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը։ Այդ մասին հիմա, սակայն, բոլորը մոռացել են։ Թերևս նաև այն պատճառով, որ կուսակցությունների մասին գործող՝ քրեաօլիգարխիայի սպասարկման համար ընդունված օրենքը դեռևս ամբողջությամբ համապատասխանում է այն կացութաձևին, որում ապրում է Հայաստանը։







































