ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստան իր պաշտոնական առաջին այցի վերաբերյալ ասել է, որ այդ այցը ևս մի կարևոր քայլ է երկու երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերություններում: Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի՝ «ի՞նչ առաջնահերթություններ կան հայ-վրացական հարաբերություններում» հարցին ի պատասխան՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը նշեց, ներկայումս այդ հարաբերություններում միջպետական երկխոսության հարցերն են և տարածաշրջանային խնդիրները, նաև Արցախյան հարցի շուրջ մեր դիրքորոշումն ու այդ առնչությամբ զարգացումները ներկայացնելու խնդիր կա: Ըստ փորձագետի՝ տարածաշրջանային հարցերում Իրանի հետ կապված, Թուրքիայի շուրջ խնդիրներ կան, և դա նույնպես օրակարգային է հայ-վրացական հարաբերություններում. կարիք կա, որ քննարկվեն այս բոլոր հարցերը:
Որոշ գնահատականներով՝ հայկական կողմը ռուս-վրացական հարաբերություններում դրսևորել է բարեկամ երկրին ոչ այնքան հարիր կեցվածք. խոսքը ընդհուպ պետական մակարդակով հնչեցված՝ այդ լարված հարաբերություններից օգուտներ ստանալու մասին է՝ հատկապես ուղևորափոխադրումների և հայկական ապրանքների արտահանման առումով: Այս դիտարկման կապակցությամբ նույն վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանն ասաց, որ այդ գնահատականը միակողմանի է, քանի որ նույն ուղևորափոխադրումների կազմակերպումը երկկողմանիորեն ձեռնտու գործընթաց է, և վրացական կողմն է հանդես եկել նման նախաձեռնություններով՝ ավելացնելով չարտերային թռիչքները Բաթումից և Թբիլիսիից դեպի Երևան: Փորձագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը հակառակ էֆեկտն ունի՝ ստեղծել է նոր հնարավորություններ վրաց-հայկական համագործակցության առումով, և բավական հետաքրքիր դրսևորումներ է ստանում նաև զբոսաշրջության ոլորտը:
«Կարծում եմ՝ այցի շրջանակներում, իհարկե, անդրադարձ եղել է ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային նոր իրողություններին՝ ռուս-վրացական առկա լարվածությանը, և շատ կարևոր է, որ հայկական կողմը՝ որպես թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի բարեկամ երկիր, փորձի հնարավորինս իրազեկված լինել իրավիճակին «առաջին ձեռքից», միտումներին և հնարավորության դեպքում փորձի իր նպաստը բերել այդ գործընթացին»,- նշեց փորձագետը:
Մանրամասները՝ տեսանյութում։










































