Չնայած Ղրիմի անեքսիայի հարցով պաշտոնական Երևանի դիրքորոշմանը և հարցի հետ կապված հայ-ուկրաինական տարընթերցումներին՝ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան Երևանում է՝ աշխատավայրում: Նա այսօր առավոտից աշխատում է՝ ինչպես սովորաբար: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դեսպանատան աշխատակցուհին: Նա նշեց, որ դեսպանատունն աշխատում է բնականոն ռեժիմով, արտակարգ ոչինչ չի եղել, դեսպանը տեղում է: Այլ հարցերի նա չկարողացավ պատասխանել:
Հիշեցնենք, որ Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցի մասին մամլո հաղորդագրության տարածումից անմիջապես հետո Ուկրաինան խորհրդակցությունների համար Կիև է կանչել Հայաստանում իր դեսպանին: Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Կիևը սպասում է Հայաստանի պետական դիրքորոշմանը Ղրիմի անեքսիայի հարցով:
Նույն օրը՝ մարտի 21-ին, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային՝ վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:
Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը: Նույն օրը Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը segodnya.au-ին հայտարարել էր, որ Ուկրաինան խորհրդակցությունների համար Կիև է կանչում Հայաստանում իր դեսպանին, սակայն ինչպես պարզ է դառնում՝ այս օրերին նման որոշում չկա, դեսպանն աշխատում է բնականոն ռեժիմով:







































