Christie’s աճուրդի տունը Նյու Յորքում աճուրդի է դնում աշխարհի քարտեզը, որը II դարում կազմել է անտիկ գիտնական Կլավդիոս Պտղոմեոսը: Այն Գերմանիայում տպվել է XV դարում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մինչ աշխարհագրական մեծ բացահայտումները՝ Պտղոմեոսի քարտեզները (մոտ 90-168թթ.) եվրոպացիների համար ծառայել են որպես աշխարհագրական տեղեկությունների հիմնական աղբյուր:
Ինչպես հայտնել են Christie’s-ի ներկայացուցիչները, քարտեզը տպագրվել է Ուլմ քաղաքում 1482 թվականին՝ Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկան հայտնագործելուց 10 տարի առաջ: Այն Պտղոմեոսի առաջին քարտեզն է, որը տպագրվել է Իտալիայի սահմաններից դուրս:
Քարտեզը լավ է պահպանվել: Սպասվում է, որ այն կվաճառվի 180-240 հազար դոլարով: Աճուրդը կկայանա ապրիլի 1-ին:
Քարտեզն աճուրդի է ներկայացրել Չիկագոյի կոլեկցիոներ Քենեթ Նեբենզալը: Ընդհանուր առմամբ աճուրդի դուրս կբերվեն ավելի քան 180 հազվագյուտ քարտեզներ, պատմական փաստաթղթեր և նրա հավաքածուի այլ իրեր:








































