Ռուսական գազի գինն Ուկրաինայի համար կարող է ապրիլի 1-ից հասնել 1000 խորանարդ մետրի դիմաց 500 դոլարի՝ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ТСН-ի եթերում:
Նա նշել է, որ Ուկրաինան չի կարող հրաժարվել գազ գնել Ռուսաստանից նման գնով, քանի որ վերջին մի քանի տարիներին ոչինչ չի արվել էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման համար:
Անցած տարվա դեկտեմբերին Ուկրաինան Ռուսաստանից զեղչ ստացավ՝ 2014-ի համար սահմանվեց 268.5 դոլար:
2013-ին «Նավթոգազը» Ռուսաստանից մոտ 13 մլրդ խորանարդ մետր գազ է գնել՝ 1000 խորանարդ մետրը՝ 400 դոլարով: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ուրբաթ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ համաձայնագիրը, որով Ուկրաինան ռուսական գազի զեղչ է ստացել, ենթակա է չեղյալ հայտարարման, և Կիևը Մոսկվային պետք է փոխհատուցի 11 մլրդ դոլար:
Զեղչը տրամադրվել էր Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի տեղակայման դիմաց:









































