Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը Աշտարակ քաղաքում հանդիպեցին Արագածոտնի մարզի քաղաքացիների հետ:
Հավաքվածներին ջերմ և ոգեպնդող խոսքով դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին, արտաքին քաղաքականության մեջ նկատելի բացթողումներին: Նա հանդիպման մասնակիցներին հորդորեց հանդես գալ առաջարկություններով, պատվիրաններով, հուզող հարցերով, որոնք շարունակաբար կլինեն «Ժառանգություն» կուսակցության գործունեության ուշադրության կենտրոնում:
Հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հընթացս ներկայացրին տարածաշրջանից իրենց ուղղված դիմումներին տրված ընթացքի մասին:
Վերջում Հովհաննիսյանը կոչ արեց «բողոքի ճիչերը մեկտեղել և միասնական ձայնով դուրս գալ»՝ հաղթահարելու մեր պետականության հիմքերը սասանող և վտանգավոր չափերի հասնող երևույթները: