Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Թեհրանի դեմ, քանի որ Իրանի իշխանություններն իրենց քաղաքականությունը չեն փոխի առանց արտաքին ճնշման: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքն Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը մի շարք դեպքերում տարբերվում է Եվրամիության դիրքորոշումից, սակայն «ոչ ոք չի պաշտպանում Թեհրանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը»: Հուքը նաև նշել է, որ «Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը եթե համախմբվածություն հանդես բերի, կարող է արդյունավետ գործիք դառնալ Իրանին դիմակայելու համար»:
Իրանական միջուկային դոսիեի խնդիրը կտրուկ սրվել է 2018 թվականի մայիսի 8-ին Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և նավթի արտահանման ոլորտում Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո:
Իրանական կողմի վարկածով՝ գործարքի մնացած մասնակիցները, ամենից առաջ եվրոպացիները, լրիվ չափով չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասում, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:







































