«Սահմանադրական դատարանի առանձին դատավորը Սահմանադրության առանձին նորմ մեկնաբանելու իրավունք չունի։ ՍԴ-ին, որպես ամբողջական կառույց, նման իրավունք վերապահված է կոնկրետ գործ քննելու արդյունքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Սահմանադրության ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից վերջերս տարածված հայտարարությանը, որ ՍԴ դատավոր, ՍԴ անդամ նորմի մեկնաբանությունը կտան իրենք։ «Սահմանադրության հեղինակների տեխնիկական բացթողումները, կամ նրանց ոչ համարժեք շտապողական մոտեցումը չի կարող լինել Սահմանադրության տարընթերցման առարկա։ Սահմանադրությունը հայեցակարգային փաստաթուղթ է և այն մեկնաբանվում է բացառապես իր էության և բովանդակության տեսակետից, այլ ոչ թե տեխնիկական ձևակերպումներից»,- ասաց Այվազյանը։
Սահմանադրագետը նշեց, որ նախորդ Սահմանադրությունը շտապողականության արդյունքում է գրվել և բազմաթիվ թերություններ ունի, որոնք պետք է շտկել։ «Բայց, ամեն դեպքում, խնդիրն այնքան էլ շտապողականությունը չէ, այլ ֆունդամենտալ, մասնագիտական ունակություններն են։ Սահմանադրությունը բարդագույն փաստաթուղթն է, որտեղ որևէ տառի կամ ստորակետի շեղումը թույլատրելի չէ։ Միանշանակ, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում ենք, այն առումով, որ պահպանվի խորհրդարանական կառավարման ձևը, և ամեն ինչ բերվի դասական խորհրդարանական կառավարման ձևի շրջանակների մոտ։ Մեզ մոտ ունենք ներկայումս խեղաթյուրված, սուբյեկտիվ շահերի համար գրված խորհրդարանական կառավարման ձև»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ սուբյեկտիվ շահ ասելով՝ նկատի ունի նախորդ իշխանությանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









































