«Ազատություն» ռադիոկայանը երեկ զրուցել է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99 ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի հետ:
-Պարոն Շահնազարյան, Ղարաբաղը ողջունում է Ղրիմի ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղում տոն է, որին հետևել է տոնական հրավառություն: Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղի այս ոգևորությունը:
-Ոգևորությունը կանցնի, իսկ Արցախի խորհրդարանի այս փաստաթուղթը կմնա։ Այն, ինչ տեղի է ունեցել Ղրիմում, ոչ մի կապ չունի ո՛չ ազատ ինքնաարտահայտման հետ, ո՛չ ժողովրդի, ո՛չ հանրաքվեի հետ:
Ի՞նչ է տեղի ունեցել։ Փետրվարի 26-ի լույս 27-ի առավոտյան մի քանի տասնյակ մինչև ատամները զինված անձինք գրավել են Ղրիմի խորհրդարանը, կառավարության շենքը, այնուհետև գնդացիրների և հրազենի փողի տակ անց է կացվել Ղրիմի խորհրդարանի նիստ, ընդունվել են այս որոշումները, որից անմիջապես հետո ռուսական զորքերը օկուպացրել են Ղրիմը, և օկուպացիայի պայմաններում իրականացվել է մի միջոցառում, որի անունը դրել են հանրաքվե:
Միջազգային իրավական տեսակետից այս ամենը նշանակում է բռնակցում, որը որևէ կապ չունի ժողովրդի կամարտահայտության հետ: Այն կամարտահայտության, որը Արցախը դրսևորեց 91 թվականին, բոլոր օրենքներով էր՝ թե՛ ԽՍՀՄ-ի, թե՛ Ադրբեջանի, և, ըստ էության, բոլոր այս նախկին Խորհրդային միության տարածքի ինքնորոշված չճանաչված պետություններից ամենաօրինականը Արցախն էր: Արցախը որակազրկեց իր ինքնորոշումը (սա դեռ իրավական գնահատական եմ տալիս), ինչի համար խորապես ցավում եմ: Մի հայտնի դիվանագետ պատմության մեջ ասել է. «Սա ավելի մեծ հանցագործություն էր, սա սխալ էր»։
-Պարոն Շահնազարյան, իսկ գուցե այս կերպ Ղարաբաղը հույսեր է փայփայում, որ Մոսկվան մի օր էլ իր անկախությունը կճանաչի:
-Դա բացառված է, որովհետև Մոսկվային հարյուրամյակների ընթացքում պետք է եղել հակամարտություն իր ազդեցությունը պահելու համար: Պատահական չէ, որ ՌԴ նախագահ Պուտինը նշեց ինչ-որ օրինակներ: Կոսովոյի նախադեպը բերեց, Հարավային Օսիան, նշեց Աբխազիան, բայց Արցախի վրա կանգ չառավ: Դա անիմաստ է:
Եթե 88-ի շարժման արդյունքում Արցախը ինքորոշվեց, ապա Արցախը միջազգային հանրության աչքում ազատության համար պայքարի օրինակ է: Ուզում եմ հիշել, երբ 91 թվականին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց 907 բանաձևը, այդ բանաձևը կոչվում էր «Ազատության ակտ»: Եվ այդ բանաձևն ու ԱՄՆ-ի այդ դիրքորոշումն էր, որ, ըստ էության, էապես ազդեցին Թուրքիայի վրա, որպեսզի նա չխառնվի արցախյան պատերազմին Ադրբեջանի կողմից: Եվ ընդհակառակը, այս քայլով ԼՂՀ-ն ուզում է ցույց տալ, որ ինքը աշխարհի այն մասին է պատրաստ մաս կազմել, որը Ռուսաստանն է, Հյուսիսային Կորեան և Սիրիան: Այսինքն՝ հետադիմական, ռեակցիոն մասին:
Վստահ եմ, որ Արցախի հանրությունը առաջնորդվում է ռուսական հեռուստալիքներով, որոնք հիշեցնում են և ուղղակի նույնացվում են Սովետական միության հեռուստատեսության հետ՝ 88-90-ական թվականների հեռուստատեսության հետ, որտեղից հնչում է ոչ միայն սուտ, այլև բռնության կոչ, ազգամիջյան ատելության կոչեր: Մենք պարտավոր ենք պահանջել մեր իշխանություններից, որպեսզի փակեն ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, որովհետև դա չի համապատասխանում մեր գործող օրենսդրությանը:
–Պարոն Շահնազարյան, ինչո՞ւ ԼՂ-ն գնաց այդ քայլին, կոնկրետ կողմ դարձավ, պաշտոնական Երևանը առայժմ չեզոքություն է պահպանում, և այս խանդավառությունը, Ձեր կարծիքով, կազմակերպվա՞ծ խանդավառություն է:
-Առաջինը հուսանք, որ պաշտոնական Երևանին կհաջողվի դիմակայել ռուսական ճնշումներին և գոնե այս չեզոքությունը պահպանել, որովհետև իրականությանը համապատասխանող դիրք Հայաստանը չի կարող արտահայտել, որովհետև Հայաստանը դե ֆակտո անկախ պետություն չէ և կառավարվում է Ռուսաստանի կողմից:
Արցախում, ես կարծում եմ, իրենք գերագնահատեցին Ռուսաստանի ազդեցությունը, հաշվի չառան, որ դա ոչ միայն հակաքաղաքակրթական և փոքր կայսրություն է, այլև անխուսափելիորեն փլուզվող կայսրություն է: Ես կարծում եմ, որ, ըստ էության, նրանք այս պահին կատարեցին այդ սխալը՝ նաև հաշվի չառնելով հնարավոր բոլոր զարգացումները, մեկուսանալաով և մոռանալով մի շատ կարևոր իրողություն, որ 200 տարուց ավելի Արցախը եղել է այդ պատմության մեջ: Արցախյան պայքարը սկսվել է այդ բռնապետության դեմ, որովհետև այդ բռնապետությունը միշտ Արցախին թողել է Ադրբեջանի ենթակայության տակ, և Արցախի խորհրադարանի հայտարարությունում մի կետ կար, թե Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը: Պատերազմը սանձազերծել էր Խորհրդային միությունը և Խորհրդային միության բանակը: Մի բան եմ ուզում հիշեցնել Արցախի իմ բոլոր բարեկամներին և Արցախի հանրությանը, որ պատերազմի հետևանքով միակ տարածքը, որ Արցախը կորցրել է, Շահումյանն է ու Գետաշենը, և այդ տարածքները գրավել է ոչ թե Ադրբեջանը, այլ գրավել է ռուսական բանակը՝ 23-րդ դիվիզիան: Այսինքն՝ մենք դա Ադրբեջանին չենք կորցրել, դա ռուսական բանակին ենք կորցրել: Նաև հիշենք, որ Հայաստանի օգնությամբ Արցախը առաջին հերթին ազատագրվել է ռուսական կայսրությունից, այնուհետև նոր Ադրբեջանից:
–Պարոն Շահնազարյան, դուք անընդհատ Ղարաբաղին եք դիմում, բայց կարծում եք՝ այս քայլերը համաձայնեցված չէի՞ն Հայաստանի իշխանությունների հետ:
-Կարծում եմ, որ համաձայնեցված են, և Հայաստանի իշխանությունները դա համարել են չարյաց փոքրագույն, բայց նույնպես կատարվել է մի սխալ: Ընդհակառակը, Արցախը պետք է տեր լիներ իր ինքնորոշմանը, այլ ոչ թե իր ինքնորոշումը հավասարացներ բռնակցմանը: Հետևանքները լինելու են չափազանց ծանր, կորուստները լինելու են չափազանց ծանր: Հիմա արդեն այն վերաբերմունքը, ինչ աշխարհը ունի Ռուսաստանի հանդեպ, Ռուսաստանի, որը չի ճանաչում միջազգային իրավունք, այդ ամենը ուղղակիորեն անդրադառնալու է Արցախի վրա և Արցախի հարցի վրա և Ադրբեջանին նման նվեր երևի մեկ էլ մատուցվել էր 98-99 թվականներին, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը Արցախը հեռացրին բանակցություններից և զրկեցին նրան կարգավորման կողմ լինելուց:
–Պարոն Շահնազրայն խոսեցինք, որ Հայաստանը չեզոքություն է պահպանում Ղրիմի հարցում, բայց, ի՞նչ եք կարծում, հաշվի առնելով Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները, Մաքսային միությունը, որտեղ շտապում է Հայաստանը, ի վերջո, կդառնա՞ կողմ Հայաստանը, թե՞ ոչ: Արդյոք Մոսկվան չի՞ ստիպի, որ Հայաստանը նույնպես պաշտպանի:
-Մոսկվան կստիպի, կանի այդ ճակատագրական սխալը: Մաքսային միություն չկա, Եվրասիական միություն չկա, ըստ էության, կա միայն ռուսական կայսրության մաս կազմելը, որին մենք դե ֆակտո արդեն միացել ենք: Չմոռանանք նաև մի այնպիսի ահավոր երևույթի մասին, որը Ռուսաստանում այսօր սկսվել է: Ռուսաստանում այսօր սկսվել է անձի պաշտամունք՝ իր բոլոր այն տարրերով, որ եղել են Ստալինյան տարիներին և Ստալինի հանդեպ: Ռուսաստանում այսօր չկա երկու կարծիք: Եթե Ռուսաստանում կոշտ ավտորիտար ռեժիմ է, Հայաստանում ոչ այնքան կոշտ է, բայց շուտով այդ ամենը լինելու է նաև աստեղ: Եվ ավելին, դա ստիպելու են անել: Հայաստանում իշխանությունները և ամբողջ քաղաքական համակարգը, ոչ իշխանական կուսակցությունները մեծագույն վտանգ են մեր պետական անվտանգությանը: Բացի դրանից, Ռուսաստանը Հայաստանը դարձրել է, առաջիկայում,- կարծում եմ՝ հոռետեսական կանխատեսում եմ անում,- Հայաստանը դառնալու է տարածաշրջանի անկայունության կենտրոն, մի տարածք, որտեղից Ռուսատանը փորձելու է ապակայունացնել իրավիճակը և իրական վտանգ է ստեղծելու առաջին հերթին Վրաստանի համար:
–Պարոն Շահնազարյան Զորի Բալայանը նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հիշեցնելով, որ Ղարաբաղը Ռուսաստանի պատմական հողն է: Պուտինը խոսում էր ՌԴ պատմական հողերը ետ վերադարձնելու մասին: Հնարավո՞ր է՝ Ղրիմի զարգացումներից հետո նոր նամակներ ուղարկվեն Վլադիմիր Պուտինին:
-Բոլոր այդ փաստարկները, որ բերվում են, կրկնակի ստանդարտների ոլորտից են, որովհետև չկա արտաքին քաղաքականություն՝ առանց կրկնակի ստանդարտների: Պատահական չէ, որ Պուտինը Արցախը չի նշում: Նրան պետք չէ Արցախի հարցի լուծում: Պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի աշխարհի ուժեղների քաղաքական շահերը համընկնեն քո շահերի հետ, այլ ոչ թե ինքդ հանձնվես դրան:
Ես երկու տարի առաջ եմ ասել, որ Ղարաբաղին պետք է անկախության ճանաչում ոչ թե Հարավային Օսիայի և Աբխազիայի օրինակով, այլ Կոսովոյի: Շատ եմ ցավում , որ ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որտեղ նշվում են ինքնորոշված պետական կազմավորումները, չկա Կոսովոն, ամենահաջող օրինակը։ Ինչու՞՝ որովհետև դա Ռուսաստանին ձեռնտու չէ։ Չկան ստանդարտներ: Եթե կան այդ ստանդարտները, և փորձում են ինչ-որ զուգահեռներ անցկացնել, ապա նույն տրամաբանությամբ թող Կոսովոն ճանաչեն, կամ,- աբսուրդ եմ ասում,- ճանաչեն, ասենք, Հյուսիսային Կիպրոսը:









































