Թեև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմի հանրապետությունն անկախ ու ինքնավար պետություն հռչակելու հրամանագիրը, և Ռուսաստանը Ղրիմն անկախ է ճանաչել՝ հիմք ընդունելով անցկացված հանրաքվեի արդյունքները, միջազգային հանրությունը, քաղաքագետները համարում են, որ Ղրիմում հանրաքվե չի եղել:
«Այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, հանրաքվե չէր: Այն, ինչ կատարվում է Ղրիմում, ոչ մի կապ չունի ինքնորոշման հետ: Ռուսաստանը զորքը մտցրեց, Ղրիմում հանրաքվե անցկացրեց: Դա չի կարող կոչվել Ղրիմի ինքնորոշման հանրաքվե»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ոչ մի երկրում, նույնիսկ ոչ ժողովրդավարական երկրում, հանրաքվեի համար 9 օր ժամանակ չի տրվում: «Սա խեղկատակություն է: Ակնհայտ է՝ ոչ մի ինքնորոշման պրոցես չի եղել: Պարզապես Ռուսաստանը Ղրիմը ենթարկել է անեքսիայի: Զորքը մտցրել, անեքսիա է արել: Ես կտրականապես դեմ եմ Ղրիմի դեպքում ինքնորոշում, հանրաքվե տերմինների օգտագործմանը»:
Քաղաքագետի խոսքով՝ Ղրիմի զարգացումները դեռևս ուղղակի կերպով չեն ազդի Հայաստանի վրա, բայց անուղղակի ազդեցություն, բնականաբար, կլինի:
Քաղաքագետի կարծիքով՝ պաշտոնական Երևանի արձագանքը ճիշտ էր, և Ղրիմի հարցին Հայաստանի կողմից լրացուցիչ միջամտություն պետք չէ: «Ղրիմի խնդիրը ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ: Դա ավելի մոտ է անեքսիայի: Իսկ այն դիրքորոշումը, որը որդեգրել է պաշտոնական Երևանը, կարծում եմ՝ շատ ճիշտ է»:








































