«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:
– Տիկին Բախշյան, անցած շաբաթ Կապանում հանդիպումների ժամանակ ձեր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե «Կառավարությանն անվստահություն հայտնելը կիսամիջոց է, և երկրում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն»: «Ժառանգությունում» բոլո՞րն են այդ կարծիքին:
– Ես միայն իմ անունից կխոսեմ և կասեմ, որ լիովին համակարծիք եմ, որ այդ կիսատ քայլերը՝ կառավարություն փոխելը, վարչապետի հրաժարական պահանջելը, մեծ-մեծ փուչիկներ են, որոնք հեշտությամբ կպայթեն ցանկացած պահի: Եվ պայթում են: Շատ շուտով կտեսնեք:
– Ինչո՞ւ եք այդպես կարծում:
– Այդպես եմ կարծում, որովհետև քանի դեռ իշխանությունը վերևից սկսած նույն քաղաքական ուժի ձեռքում է, միայն կառավարության փոփոխությունը ոչինչ չի տալու, ընդամենը «Ա»-ն փոխելու է «Բ»-ով: Իմ կարծիքով` առաջին հերթին պետք է լինեն արտահերթ համապետական՝ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ, կամ՝ երկուսը միասին: Եվ նոր ընտրությունների արդյունքում ձևավորվի նոր կառավարություն:
– Այսինքն` այդ ուժերը պետք է նախ պահանջեն Սերժ Սարգսյանի՞ հրաժարականը:
– Այո, իհարկե: Եթե միայն կառավարության փոփոխություն լինի, և շրջանառվող անունը լինի կառավարության ղեկավար, դա կլինի վերջը:
– Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ն նկատի ունեք:
– Իհարկե: Ես նրան դեմ եմ ամբողջ էությամբ, չեմ կարող նկարագրել, թե որքան եմ դեմ: Եվ նրա վերադարձի մասին ցանկացած զրույց ինձ հուսահատության գիրկն է գցում:
– Խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները կոնսուլտացիաներ են անցկացնում վարչապետի հրաժարականի շուրջ և գտնում են, որ դա իրենց պայքարի մի փուլն է:
– Ես չեմ հավատում, որ այդ հարցում ինչ-որ հաջողություն կլինի: «Ժառանգությունը» բազմիցս է ասել, որ միայն կառավարության հրաժարականի շուրջ չի միավորվելու: Իսկ միայն կառավարության հրաժարականի հետ կապված այդ երեք ուժերի միավորումը, ինչպես պարոն Հովհաննիսյանն է ասել, կիսաքայլ է, ոչ մի տեղ չտանող քայլ է:
– Այդ դեպքում ո՞րն է այդ ուժերի նպատակը, որ Ս. Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում, պահանջում են միայն կառավարության հրաժարականը:
– Իրենց թեկնածուին բերել վարչապետ: Եվ ես չեմ ցանկանում պաշտպանել այդ քաղաքականությունը, իսկ «Ժառանգությունն» ասում է, որ դա կիսաքայլ է: Դա այն քայլը չէ, որ երկիրը դուրս բերի այս փոսից:
– Բայց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մասնակցում է կառավարությանն անվստահություն հայտնելու հետ կապված մյուս երեք ուժերի կոնսուլտացիաներին: Եվ համաձայն է, որ այս փուլում կառավարության հրաժարականի գործընթացը հետապնդեն:
– Ես` որպես քաղաքացի, գտնում եմ, որ եթե ամբողջական իշխանափոխություն չեն պահանջում, ես դա չեմ ողջունում:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































