Մարտի 4-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ընդունվել հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում, որով Վանաձորի էլիտար շենքում բնակարանի շահառու Համլետ Չատինյանի ընտանիքն ու նրանց ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը պահանջում են սնանկ ճանաչել պարտապան «Վիմպերգ» ՍՊԸ-ին: Հիշեցնենք, որ վերջինս, օրինական ուժի մեջ մտած վճռով, Վանաձորի քաղաքապետի հետ համապարտությամբ Չատինյաններին պետք է վճարի 35 հազար դոլար՝ որպես էլիտար շենքում ընտանիքին հասանելիք բնակարանի համարժեք գումար, բայց քաղաքապետի օրինակով չի կատարում օրենքի առաջ պարտավարությունը, ինչի հետևանքով քաղաքի բյուջեի հետ միասին կալանք է դրված նաև ընկերության միջոցների վրա: Սնանկության դիմումը նույն օրն ընդունվել է վարույթ, մակագրվել է դատավոր Խաչատուր Խաչատրյանին, և սկսվել է սնանկության գործով դատավարություն:
«Վիմպերգ» ՍՊԸ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել ոմն Սաղաթել Ալեքսանյանը:
Սա նշանակում է, որ շենքի սեփականատեր (փաստաթղթերով) «Վիմպերգ» ընկերությունն ստիպված է լինելու բնակչին վճարել 35 հազար դոլար պարտքը, հակառակ դեպքում՝ սնանկ ճանաչվելուց հետո, էլիտար շենքը Սաղաթել Ալեքսանյանին անցնելով՝ ոչ միայն «Վիմպերգն» է զրկվելու իր «էլիտար սեփականությունից», այլև համայնքի 11 բնակիչները, որոնք, քաղաքապետի ասելով, արդեն «ժերեբյովկով» ընտրել են իրենց բնակարաններն անավարտ շենքում, այդպես էլ մնալու են անօթևան:









































