«Իմ քայլը» ֆեյսբուքյան իր էջում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Գոհ ե՞ք Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնի ղեկավարումից»։ Հարցման վերջնական արդյունքն է՝
«այո»՝ 46 տոկոս,
«ոչ»՝ 54 տոկոս։
Այս թվերը գուցե զարմանալի են այն մարդկանց համար, որոնք դուրս չեն եկել հեղափոխական էյֆորիայից ու անկարող են օբյեկտիվ աչքերով նայել իրականությանը։ Հայաստանում սոցիոլոգիան հավատ չի ներշնչում անգամ հեղափոխությունից հետո ու այսօր շատ դժվար է խոսել կոնկրետ թվերի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշային գահավիժումն ակնհայտ է ու դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքերով։ Առնվազն՝ մարդկանց մոտ կորել է էնտուզիազմը, անցած տարվա խանդավառությունը ու դրա պատասխանատուն՝ առաջին հերթին, հեղափոխության թիմն է, որի մեջ հասարակությունը շատ դեպքերում տեսնում է մերժված համակարգին բնորոշ հատկանիշներ։
Օրինակ՝ երեկ Բռնադատվածների հիշատակի օրն էր, որը Հայաստանում պետականորեն չարժևորվեց առհասարակ։ Այս հարցում, ցավոք, անգամ հեղափոխությունից հետո Հայաստանը մնացել է հետսովետական երկրի նվաստացուցիչ կարգավիճակում կամ եվրասիականության ճահճում, ինչը ենթադրում է, որ թավշյա հեղափոխության արժեքային բաղադրիչը, մեղմ ասած, թույլ է, կամ էլ՝ իշխանությունն այնքան էլ հավատարիմ չէ հեղափոխության օրակարգին։ Հիշատակի այս օրվա հանդեպ վերաբերմունքը լակմուսի թղթի նման բացահայտում է իշխանությունների արժեքային, արտաքին կողմնորոշումները։ Երբ նոր Հայաստանը համարձակորեն չի անդրադառնում կոմունսիտական հրեշավոր հանցագործությանը՝ թերևս, վախենալով Մոսկվայի կանխատեսելի արձագանքից, ակամայից մտածում ես, որ երկրում տեղի ունեցածը, մեծ վերապահումով, կարելի է հեղափոխություն անվանել։ Եթե պետությունը՝ որպես հավաքականություն, իր մեջ չի կարողացել սպանել ռուսահպատակությունը, ապա նույնիսկ անիմաստ է խոսել ազատության հաղթանակի կամ ժողովրդավարության անշրջելիության մասին։
Կամ՝ ի՞նչ անուն տաս նրան, երբ «Իմ Քայլի» պատգամավորը օրենքի նախագիծ է դնում շրջանառության մեջ, որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու, կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը: Ոստիկանության տրանսպորտային միջոցների և վերակարգերի տեղաշարժը սահմանափակելու նպատակով, ոստիկանության տրանսպորտային միջոցի անվադողերը վնասելը, որևէ իրից բռնվելը` ձերբակալումից խուսափելու համար, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» և այլն․ ահա այն արարքները, որոնց համար քաղաքացին կարող է կալնավորվել, եթե այս օրենքի նախագաիծը, որը հիմա «սառեցվել» է, ընդունվի խորհրդարանի կողմից։ Սա, ըստ էության, օրենքի նախագիծ է հեղափոխության փորձը «քրեկանացնելու» կամ գործող իշխանությունը հավերժացնելու ու ընդդիմադիր գործունեությունն արգելեու մասին։
Բարձրացված աղմուկից հետո «Իմ քայլը» խնբակցությունը ձերբազատվեց այս նախաձեռնությունից ու այն թերևս ժամանակավորապես դուրս գա նախաձեռնությունից։ Սակայն արդեն միայն այն հանգամանքը, որ սույն «հրաշալի» նախագիծը ծնվել է խորհրդարանական մեծամասնության շրջանակներում՝ բացահայտում է ներքին քննարկումների, մթնոլորտի որակը։ Նիկոլ Փաշինյանի թիմը «հոգնել» է բարեփոխումներից, որոնք չեն էլ ուրվագծվել ու շրջանառու է դարձնում «ուժեղ ձեռքի» վտանգավոր թեզը։
Հայաստանում նկատվում են ավտորիտար կառավարման վերականգնման ծիլերը ու պատահական չէ, որ մարզպետներն իրենց դրել են «ռայկոմի քարտուղարի» կարգավիճակում ու սկսել են որակումներ տալ ժողովրդի ընտրությանը կամ ոստիկան ուղարկել քաղաքացու տուն, ով պահանջում է մարզպետի հրաժարականը։
Մեկ տարի առաջ տասնյակ հազարավորները «քայլ արեցին»՝ «Սերժին մերժելու» նպատակով։ Այդ պայմանական «Սերժը» ավտորիտար կառավարումն էր, որը փորձ է արվում վերականգնել։ Փաստորեն՝ «Սերժը» վերադառնում է։







































