Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց Աննա Էլոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
48-ամյա Աննա Էլոյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ամուսնուն դանակահարելու, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:
Աննա Էլոյանը 2008-ի Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի այրին է:
Նա հետագայում ամուսնացել է 37-ամյա Հովնան Խաչատրյանի հետ: Բնակվել են Հովնանի մորաքրոջ բնակարանում, ստանձնել նաև վերջինիս ու նրա ամուսնու խնամքը:
Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի մայիսի 24-ի լույս 25-ի կեսգիշերին Աննան ամուսնուն՝ Հովնանին փնտրելու և տուն վերադարձնելու նպատակով գնացել է Մալաթիայի գյուղմթերքների շուկա:
Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկի մոտակայքում Աննան հանդիպել է ամուսնուն և առաջարկել միասին տուն գնալ:
Հովնանը զայրացել է ու կարգադրել, որ կինը մենակ տուն գնա:
Ամուսինները վիճել են:
Հովնանը մեկ անգամ հարվածել է Աննայի ուսին ու գցել գետնին, բռնել է մազերից ու «փորձել է վեր բարձրացնել»:
Աննան իր մոտ եղած խոհանոցային դանակով երեք անգամ հարվածել է ամուսնուն՝ կրծքավանդակի, որովայնի ու նախաբազկի շրջաններին:
Արագացված կարգով գործը քննելով՝ ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչել Աննային ու դատապարտել 3 տարի ազատազրկման:
Ամբաստանյալի նկատմամբ համաներում է կիրառվել, ու նա ազատվել է պատժի կրումից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Վազգեն Հարությունյանը:
Այսօր վերաքննիչ դատարանում մեղադրող Հարությունյանը հիմնավորեց իր բողոքը:
Ըստ դատախազի՝ ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել Աննա Էլոյանի կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև՝ Աննա Էլոյանի անձը բնութագրող տվյալները և նրա նկատմամբ սահմանել է ակնհայտորեն մեղմ, արարքին ոչ համաչափ պատիժ:
Մեղադրողը, առանց նշելու, որ դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից հետո, ասաց, որ հանցագործությունը կատարվել է մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներից մեկի մոտակայքում: Այնտեղ «տարվա այդ ժամանակ միշտ բավականաչափ մարդիկ են լինում»: Եվ Աննա Էլոյանը, դրսևորելով հանդգնություն, դանակի գործադրմամբ այդ մարդաշատ վայրում կատարել է դիտավորյալ հանցագործություն:
Բացի այդ, մեղադրողը հիշատակեց, որ Աննա Էլոյանը նախկինում՝ 1996 թվականին դատվել է: Ու չնայած այդ դատվածությունը մարված է, բայց բնութագրող հանգամանք է Էլոյանի համար, ու առաջին ատյանի դատարանը դա պետք է հաշվի առներ:
Մեղադրողը միջնորդեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, պատիժը խստացնել՝ սահմանելով արարքին համաչափ պատիժ:
Աննա Էլոյանի շահերի պաշտպան Թամարա Գրիգորյանն առարկեց մեղադրողի բողոքի դեմ: Պաշտպանը նշեց, որ հանցագործությունը կատարվել է կեսգիշերին, ու ոչ մի ապացույց չկա, որ այդ պահին տվյալ վայրը մարդաշատ է եղել: Բացի այդ, Էլոյանի դատվածությունը մարված է, հետևաբար այդ հանգամանքը չի կարող իրավական հետևանքներ ունենալ:
Պաշտպանը նշեց, որ Աննա Էլոյանին մեղսագրված արարքի համար օրենքով սահմանված է 3-ից 7 տարի ազատազրկում: Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ գործը քննվել է արագացված ընթացակարգով, որ հանցագործությունը կատարվել է տուժողի հակաբարոյական վարքագծի ազդեցության տակ, Էլոյանը հանցանքը կատարելուց անմիջապես հետո ինքն է առաջին օգնությունը ցույց տվել տուժած ամուսնուն, շտապօգնություն է կանչել, ինքն էլ ամուսնուն խնամել է հիվանդանոցում: Նա մեղայականով ներկայացել է, զղջացել է կատարածի համար: Հանցագործությունը կատարվել է ընտանեկան վիճաբանության արդյունքում: Դատարանում տուժողը խնդրել է մեղմ վարվել կնոջ հետ, նրան ազատազրկման չդատապարտել:
Այնպես որ՝ դատարանի նշանակած 3 տարի ազատազրկումը, ապա համաներման կիրառումը օրինական է, դատավճիռը բեկանելու հիմքեր չկան:
Աննա Էլոյանը հայտնեց, որ զղջացել է իր կատարածի համար, խնդրեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ:
Նա ասաց, որ ժամանակին ավարտել է կոնսերվատորիայի վոկալ բաժինը, բայց չի երգում, ներկայումս զբաղվում է մանրածախ առևտրով:
Աննան երեխաներ չունի, նա ասաց, որ դա իր դժբախտությունն է:
Տուժողը՝ Աննայի ամուսին Հովնան Խաչատրյանը, վերաքննիչ ներկայանալ չէր կարող, քանի որ հիմա նա կալանքի տակ է, մեղադրյալ է մեկ այլ գործով:
Հովնան Խաչատրյանը մեղադրվում է նույն հոդվածով, որով դատապարտվել է Աննան, այսինքն՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Հովնանին մեղսագրված արարքը ներընտանեկան խնդիրների հետ կապված չէ:
Ինքը՝ Հովնանը, համարում է, որ շառի մեջ է ընկել, ահա թե ինչու տևական ժամանակ է՝ կալանավայրում հացադուլ է հայտարարել, բողոքում է իրեն կալանավորելու և տուժողի վարքագծի դեմ: Ըստ Աննայի՝ հացադուլավոր կալանավորը բոլորովին ուժասպառ է եղել:
Այսօր ամբաստանյալ Աննա Էլոյանի հետ վերաքննիչ դատարան էր ներկայացել ամուսնու մորաքույրը, որ հայտարարի, թե Աննան ու Հովնանը շատ սիրող ամուսիններ են, հենց հանուն իր սիրո է Աննան կատարել հանցավոր արարքը:
Աննան էլ ասաց, թե երբ խաչմերուկում՝ մարմնավաճառների աչքի առաջ Հովնանն իրեն հրել է, ու ինքն ընկել է գետնին, վիրավորանքից հանել է մոտը եղած խնձոր կտրելու փո՜քր դանակը ու չի էլ հասկացել, թե ինչպես է հարվածել ամուսնուն:
Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց մերժել մեղադրողի վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողնել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Աննա Էլոյանը մնաց համաներված ու պատժից ազատված: Նա ուրախացավ, բնականաբար:
Իսկ դատավորներից մեկը վերջում կատակեց մեղադրողի հետ, թե՝ կանանց տոների էս միամսյակում բա նման բողոք կբերե՞ն, կին է, թող մնա ազատության մեջ…









































