ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարտի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գովազդի մասին և Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքի նախագծերում առաջարկվող փոփոխությանը՝ որոշակի ժամերի գովազդի թույլտվություն տրամադրել: «Ես՝ որպես առողջապահության նախարար, բացասաբար եմ վերաբերվում ընդհանրապես ալկոհոլին, ծխախոտին, մնացած բոլոր վնասակար ազդեցության նյութերին, սակայն այստեղ խնդիրն այն է, որ այդ գործընթացը կարող է լրացուցիչ տնտեսական ակտիվություն մտցնել, լրացուցիչ ֆինանսական հոսքեր նախատեսել. Բնականաբար, այդ տեսանկյունից հարցը նայվել է, և ԱԺ-ն այդ տեսանկյունից է մոտեցել, քննարկել և քվեարկել: Ես, որպես բժիշկ, որպես առողջապահության նախարար, իմ բացասական կարծիքը հայտնել եմ՝ սրա հետ կապված»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ այս որոշումը Կառավարությանը չի պատկանում, այստեղ որոշում կայացնողը ԱԺ-ն է, իսկ ինքը Կառավարության որոշման ժամանակ իր կարծիքը հայտնել է և նման եզրակացություն տվել: Լրագրողները հետաքրքրվեցին՝ այն, որ ամեն հինգշաբթի Կառավարության նիստից հետո հավաքվում են վարչապետի մոտ, քննարկումներ ունենում, ինչ-որ արդյունք տալի՞ս է այդ գործելաոճը: Նախարարը պատասխանեց, որ նման ոճ գոյություն չունի: «Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում: Կառավարության որոշումներից հետո մենք գնում ենք մեր աշխատանքին. և որևէ տեղ որևէ հավաք չի լինում, գոնե այդ մասին ես չգիտեմ:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղին է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի մտահոգությունը, թե գովազդի ժամանակ եթերի ձայնի կտրուկ բարձրացումը կարող է առողջության համար վտանգավոր լինել և սթրեսների պատճառ դառնալ, Դումանյանը նշեց, որ հարցը դեռ չի ուսումնասիրել:








































