«Փոքր ՀԷԿ-երի ոչ ճիշտ օգտագործումը պարզապես ոչնչացրել է գետերի էկոհամակարգերը։ Որտեղ որ ՀԷԿ կա, այնտեղ արդեն ընդհանրապես ձկների մասին խոսք չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում երեկվա քննարկումներին։
Հիշեցնենք, որ ԱԺ-ը նախօրեին քննարկում էր «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության կողմից ներկայացված նախագիծը։
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նախագծով փորձում են կարգավորել փորք ՀԷԿ-երի ջրօգտագործման ոլորտում թույլտվությունների տրամադրման և մերժման հիմքերը, նաև կարգավորում է ջրավազանային կառավարման պլաններ ունեցող և չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամկետները։
«Նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել որոշակի գետահատվածներում և գետերում ջրօգտագործման թույլտվությունը, մասնավորապես, այն գետերը, որտեղ առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր, այն գետերը, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է, նաև այն գետերը, որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր, և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը»,- ասաց նա։
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել՝ բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:
Նշենք, որ այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել։
Բնապահպան Ինգա Զարաֆյանն մեզ հետ զրույցում նկատեց, որ ողջունում են այս նախագիծը, քանի որ շատ անհանգստացած են հատկապես Սևանի շուրջ ՀԷԿ-երի գործունեությամբ և կարծում եմ, որ ոչ միայն նոր ՀԷԿ-երի մասին պետք է խոսք գնա, այլևս արդեն գործողների, որոնք էական վնաս են հասցնում Սևանա լճին։ «Մենք հիմա այդտեղ ունենք արդեն գործող փոքր ՀԷԿ-եր, որոնց ջրային թույլտվությունների ժամկետը, եթե անգամ վերջանում է, անընդհատ երկարացնում են ժամկետերը, ինչը վտանգավոր է։ Գործող ՀԷԿ-երը պետք է արգելափակվեն, թե ինչ միջոցներով, ինչ սխեմայով, դա արդեն կառավարությունը պետք է որոշի։ Բայց որ հատկապես Սևան թափվող գետերի վրա կառուցված ՀԷԿ-երը պետք է փակվեն, դա միանշանակ է»,- ասաց տիկին Զարաֆյանը։ Նրա խոսքերով՝ իրենք 120 ՀԷԿ-երում ուսումնասիրություն են կատարել, որոնցից միայն 8-10-ն են աշխատում նորմալ պայմաններում, իսկ մնացածը աշխատում են ամենատարբեր խախտումներով։
Զարաֆյանն անդրադարձավ նաև ԱԺ-ում քննարկված հարցին, որը վերաբերում էր ՀԷԿ-երի ջրաչափիչ սարքերին։ Նրա խոսքերով՝ ջրաչափիչ սարքերի հարցը չպետք է քննարկվի։ Դա պետք է պահանջ լինի։ Եթե ջրաչափ չկա, ապա ՀԷԿ-ը չպետք է աշխատի։
Մեր դիտարկմանը, թե փոքր ՀԷԿ-երի ներկայացուցիչները նշում են, որ ջրաչափիչ սարքի ֆունկցիա է կատարում իրենց արտադրած էլեկտրաէներգիան և օգտագործված ջրի ծավալների համեմատությունը, բնապահպանը նկատեց, որ իրենք խոսում են ջրաչափի մասին, որը ցույց է տալիս, թե որքան ջուր է մտնում փոքր ՀԷԿ, բայց պետք է պարտադիր լինի ջրաչափիչ սարք, որը ցույց կտա, թե որքան ջուր է մտնում գետի մեջ. «Դրանք երկուսը շատ տարբեր բաներ են։ Իրենց նշած ջրաչափը իրենք պետք է, որ իմանան, թե իրենց ինչքան ջուր է պետք։ Իսկ մենք ասում ենք, որ պարտադիր պետք է լինի ջրաչափ, թե օգտագործումից հետո ինչքան ջուր է մնում ՀԷԿ-ում»։
«Առաջին լրատվական»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, նախկին ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանից, սակայն վերջինս շատ ագրեսիվ տոնով ասաց, որ ինքը բացարձակ չի հետևում ոչ Ազգային ժողովի, ոչ էլ կառավարության քննարկումներին ու տեղյակ չէ, թե խոսքն ինչի մասին է։ Երբ փորձեցինք նկատել, որ կառավարության առաջարկած նախագծով փորձում են կարգավորել փորք ՀԷԿ-երի ջրօգտագործման ոլորտում թույլտվությունների տրամադրման և մերժման հիմքերը, նաև կարգավորվելու է ջրավազանային կառավարման պլաններ ունեցող և չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամկետները, տիկինը նույն վրդովված ու ագրեսիվ տոնով հայտարարեց՝ «ուրեմն փոքր ՀԷԿ-երը աշխատում են սեզոնին, երբ ջուր կա, ու չեն աշխատում, երբ չկա»,- ասաց ու անջատեց հեռախոսը։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերից փոքր ՀԷԿ-երով զբաղվում է նաև ՀՀ գլխավոր դատախազությունը, համաձայն որի՝ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի գերակշիռ մասը տարիներ շարունակ աշխատել է օրենքի կոպիտ խախտումներով, բայց բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյաները միջոցներ չեն ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։ Այս ամենի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Գլխավոր դատախազությունը, համադրելով առկա փաստերը, քրեական գործ էր հարուցել, որի նախաքննությունը հանձնարարվել էր Քննչական կոմիտեին։
Ոլորտում առկա չարաշահումներ բացահայտել էր նաև վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը պարզել էր, որ գործող 188 փոքր ՀԷԿ-երում կատարված ուսումնասիրության արդյունքում 152-ում ջրաչափ տեղադրված չէ։










































