Հունիսի 8-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Հունիսի 11-ին էլ Հայաստանի հավաքականը Աթենքում կխաղա Հունաստանի հետ: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նախօրեին հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները որոնք հրավիրվել են նախապատրաստական հավաքին: Ինչպես նշված է ՀՖՖ-ի պաշտոնական կայքում տարբեր վնասվածքների պատճառով այս անգամ հայտացուցակում չեն ընդգրկվել Մարկոս Պիզելին, Արտյոմ Խաչատուրովը, Սարգիս Ադամյանը և Յուրա Մովսիսյանը: Նշենք, որ Սարգիս Ադամյանը վերջերս պայմանագիր էր կնքել Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» հետ: Նրա վնասվածք ստանալու մասին սակայն տեղեկություններ չկային: Թե երբ և ինչպես է այս ֆուտբոլիստը վնասվածք ստացել հայտնի չէ:
Համենայն դեպս նա տեղ էր գտել Գյուլբուդաղյանցի հրավիրված նախնական ցուցակում: Ադամյանի բացակայությունը կարելի է մեր հիմնական կորուստը համարել: Երկրորդ Բունդեսլիգայում Ադամյանը փայլուն մրցաշրջան անցկացրեց և հույս ունեինք, որ այս հարձակվողն իր պոտենցիալը կօգտագործի նաև Հայաստանի ազգային թիմում: Ադամյանը շարունակում է աճել, սակայն նրա խաղը մեր հավաքականում այն չէր: Այս ֆուտբոլիստին միայն մեկ անգամ է հաջողվել աչքի ընկնել՝ Հայաստանի հավաքականում Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրում գրավելով նույն Լիխտենշտեյնի հավաքականի դարպասը: Ամեն դեպքում պետք է խոստովանենք նաև, որ ֆուտբոլիստները իրենց որակները և պոտենցիալը լիարժեք օգտագործում են, երբ խաղում են բարձրակարգ մասնագետի գլխավորությամբ: Հետևաբար ասել, որ Ադամյանի բացակայությունը այպես ասած կերևա մեր հավաքականի խաղում ճիշտ չի ինի:
Իրավիճակն այնպիսին է, որ Բունդեսլիգան ներկայացնող ֆուտբոլիստի լինել չլինելն այնքան էլ էական չէ մեզ համար: Հավաքականի հայտացուցակում տեղ չի գտել նաև շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը: Վերջինս մեր հավաքականի պաշտպանական օղակի գլխավոր ֆիգուրներից է և նրա բացակայությունը ընդունենք, որ զարմանալի է: Առաջիկա հանդիպումներին Գյուլբուդաղյանցը հրավիրել է պաշտպաններ Վարազդատ Հարոյանին՝ «Ուրալից», Արման Հովհաննիսյանին՝ «Գանձասար-Կապանից», Տարոն Ոսկանյանին «Ալաշկերտից», Հայկ Իշխանյանին՝ «Լոռիից», Արմեն Մանուչարյանին՝ «Փյունիկից», Հովհաննես Համբարձումյանին կիպրական «Էնոսիս Պարալիմնից», և Կամո Հովհաննիսյանին՝ ղազախական «Ժետիսուից»: Գյուլբուդաղյանցը ցանկանում էր հավաքական հրավիրել մեր փորձառու պաշտպաններից Գաել Անդոնյանին, սակայն մեր ազգային թիմի մարզչին չէր հաջողվել կապ հաստատել այս ֆուտբոլիստի հետ: Այո, որքան էլ տարօրինակ է նման երևույթները մեր հավաքականից անպակաս չեն: Մայիսի 24-ին Գյուլբուդաղյանցը հրապարակել էր 11 լեգեոներների ցուցակը որոնք հրավիրվել էին հավաքական: Այդ ֆուտբոլիստների շարքում էր նաև արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը վերջին շրջանում հաճախ է լինում իր թիմի մեկնարկային կազմում: Վերջնական ցուցակում, սակայն Բալեկյանը բացակայում է: Հավանաբար մեր մարզիչը ընթացքում փոշմանել է և հրավերը չեղարկել է:
Փոխարենը Գյուլբուդաղյանցը ցուցակում ավելացրել է Արազ Օզբիլիսին, որը մի քանի ամիս է չի խաղում: Ամեն դեպքում չխաղալով հանդերձ այս ֆուտբոլիստը շատ ավելի լավ տպավորություն կարող է թողնել, քան հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ: Կրկին հավաքական չի հրավիրվել Կրասնոյարսկի «Ենիսեի» հարձակվող Արթուր Սարկիսովը: Դե բնական է, մեր հավաքականի հարձակվողական օղակն այնքան հզոր է, որ Գյուլբուդաղյանցը նպատակահարմար չի համարում հրավիրել միջակ հարձակվողների: Փոխարենը Գյուլբուդաղյանցը հրավիրել է «Փյունիկի» հարձակվող Արթուր Միրանյանին: Վերջինս առաջնության երկրորդ հատվածում արդյունավետ խաղ է ցուցադրել, բայց արդյոք Միրանյանը պատրաստ է և կարող է օգնել մեր ազգային թիմին: Այս հարցի պատասխանը կստանանք մի քանի օրից: Սարգիս Ադամյանի բացակայության պայմաններում կարծում ենք Սարկիսովը, որը եզրային հարձակվող է և ունի բարձր արագություն, կարծես թե այլընտրանք չուներ, բայց․․․:
Գյուլբուդաղյանցի ցուցակում տեղ են գտել նաև կիսապաշտպաններ՝ Էրիկ Վարդանյանը «Փյունիկից», Պետրոս Ավետիսյանը՝ «Արարատ-Արմենիայից»: Այս ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի առաջնությունում տպավորիչ խաղ ցուցադրող մեր հեռանկարային կադրերից են և լավ կլինի, որ նրանք տպավորեն նաև ազգային հավաքականում: Միևնույնն է նման մոտեցման պայմաններում մեր հավաքականից արդյունք ակնկալելն անիմաստ է: Մեզ մնում է միայն հետևել առանձին ֆուտբոլիստների խաղին: Թիմային և գրագետ խաղի համար անհրաժեշտ է ունենալ բարձրակարգ մարզիչ, որը մենք չունենք և հավանաբար չենք էլ ունենա:
Որպես հեռանկարային ֆուտբոլիստ կարելի է առանձնացնել նաև պաշտպան Արմեն Մանուչարյանին, որն արդեն հասցրել է խաղալ Ազգային հավաքականում և վատ տպավորություն չի թողել:
Լուսանկարը՝ Armsport.am-ի






































