Վերաքննիչ քրեական դատարանում Ռ. Բարսեղյան, Տ. Սահակյան, Ս. Մարաբյան կազմով շարունակվեց «Չարբախցի Գեղամ» մականունով Պետրոս Իսրայելյանի, «Նորատուսցի Ալիկ» մականունով Ալիկ Բանդուրյանի, «Բդո» մականունով Արմեն Գասպարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում:
Հիշեցնենք՝ խոսքը 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանություններին է վերաբերում:
Ըստ մեղադրանքի, Արմեն Գասպարյանը՝ «Բդոն», հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ի ն մասով:
Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:
Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տևական ժամանակ գործը քննելով՝ կայացրել է ինչ-որ առումով անսպասելի դատական ակտ: Ալիկ Բանդուրյանը և Արմեն Գասպարյանը անմեղ են ճանաչվել ու արդարացվել են: Դատարանը վերաորակել ու մեղմացրել է Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր է ճանաչել խմբի կազմում տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, ու Պետրոս Իսրայելյանին ազատել է պատժի կրումից:
Դատավճռի հրապարակումից հետո երեք ամբաստանյալները՝ մեծամասամբ՝ արդարացված, գնացել են իրենց տները:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք առաջինը ներկայացրել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Վերաքննիչ բողոք է բերել նաև միակ չարդարացված ամբաստանյալի՝ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:
Երեք ամբաստանյալները վերաքննիչ դատարան են ներկայանում որպես ազատ ու հիմնականում արդարացված, ազատության մեջ երիտասարդացած, առողջացած ու թարմացած քաղաքացիներ:
Դատական նիստերին չի ներկայանում տուժողի իրավահաջորդը:
Դատական այս նիստին իր վերաքննիչ բողոքը հիմնավորեց Պետրոս Իսրայելյանի՝ «Չարբախցի Գեղամի» շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նա պնդեց, որ իր պաշտպանյալը մյուս երկու ամբաստանյալների նման պետք է արդարացվեր, քանի որ նրան մեղսագրված արարքը գործի քննությամբ հիմնավորված չէ: Փաստաբանը շեշտը դրեց առաջին ատյանի դատարանում բուռն քննարկման առարկա դարձած՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու՝ ոստիկանության միջնորդության, դրա հետ դատարան ներկայացված նյութերի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այդ միջնորդության քննության ու կայացված որոշման, ինչպես նաև ՔԿՀ-ում անցկացված «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողության նպատակի, դրա ընթացքում կատարված ձայնագրությունից Ալիկ Բանդուրյանի ձայնի նմուշը փորձաքննության ուղարկելու օրինականության հարցերի վրա:
Պաշտպանական կողմը պահանջել է իրեն տրամադրել հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրելու միջնորդության հետ ներկայացված նյութերը, միջնորդության քննարկման դատական նիստի արձանագրությունը, սակայն տրամադրվել է միայն օպերատիվ-հետախուզական գործողությունն իրականացնելը թույլատրող՝ դատարանի որոշումը: Հետևաբար՝ խախտվել է մրցակցային սկզբունքը, պաշտպանական կողմը չի տիրապետել կարևոր ապացույց համարվող՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերաբերյալ նյութերին:
Մ. Պողոսյանը նշեց, որ ոստիկանության միջնորդությամբ վերահսկվել են Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցությունները: Որպես հիմնավորում՝ նշվել է, թե Գասպարյանը կասկածվում է ծանր հանցագործության կատարման համար, սակայն հիշյալ գործով Գասպարյանը երբևէ չի հրավիրվել հարցաքննության, նրա մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել, այդ գործը կասեցվել է, ու դրա մասին ոչ ոք չի էլ հիշում: Ուղղակի դա ծառայել է որպես պատրվակ՝ Արմեն Գասպարյանի հեռախոսայի խոսակցությունների վերահսկում գործողության թույլտվությունը ստանալու համար:
Մ. Պողոսյանը նշեց, որ հեռախոսային խոսակցությունների վերահսկում և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքները, ճիշտ է, առաջին ատյանի դատարանը անթույլատրելի ապացույցներ է ճանաչել, սակայն պաշտպանական կողմի ներկայացրած ոչ բոլոր հիմնավորումներն է դրել է անթույլատրելի ճանաչելու որոշման հիմքում: Պաշտպանը խնդրեց, որ վերաքննիչ քրեական դատարանը վերահաստատի հիշյալ ապացույցները անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը:
Դատարանը հարցրեց՝ ի՞նչ ապացույցների հիման վրա եք կառուցում ձեր դատողությունները, երբ ասում եք, թե ձեր պաշտպանյալի մեղավորությունը հիմնավորող ապացույցներ չկան:
Պաշտպան Մ. Պողոսյանը պատասխանեց, թե առաջին ատյանի դատարանում մարդիկ հարցաքննվել են, տվել են ցուցմունքներ, առաջին ատյանի դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, թե ապացուցված չէ, որ Պետրոս Իսրայելյանը տուժողին սպանելու դիտավորություն է ունեցել: Իսրայելյանը մեղավոր է ճանաչվել խմբի կազմում տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար, սակայն գործում չկա նաև ապացույց, որը կհիմնավորի, թե Պետրոս Իսրայելյանը կատարել է այդ արարքը: Չկա ապացույց, որ Իսրայելյանը տուժողի առողջությանը միջին ծանրության կամ թեկուզ՝ թեթև վնաս է պատճառել:
Բացի այդ, ընդհանուր իրավասության դատարանը եզրահանգել է, թե Պետրոս Իսրայելյանի «թիմակից», դեպքի պահին սպանված Գևորգ Ավետիսյանը գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Սակայն եթե Գևորգ Ավետիսյանը անհրաժեշտ պաշտպանության վիճակում էր, ուրեմն Պետրոս Իսրայելյանը նույնպես գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում:
Դատարանն անդրադարձավ տուժող Մուշեղ Մուշեղյանին պատճառված վնասվածքների մասով անհատականացում կատարելու՝ պաշտպանական կողմի պահանջին՝ արձանագրելով, թե արարքի որակման անհատականացումը չի ենթադրում անհեթեթության աստիճանի հասնել ու նշել, թե խմբակային գործողության կատարման ժամանակ կոնկրետ ով՝ ինչ հարված ու տուժողի մարմնի որ մասին է հասցրել:
Մ. Պողոսյանը պատասխանեց, որ այս գործով հենց այդպիսի անհատականացում պիտի արվեր: Մուշեղյանի վնասվածքները պաշտպանը դասակարգեց՝ կան դանակով ու հրազենով պատճառված ծանր վնասվածքներ, ինչպես նաև բութ առարկաներով պատճառված միջին ծանրության ու թեթև վնասվածքներ: Եթե մեղադրանքի կողմը չմանրամասնի՝ ինչի՞ց կարող ես ենթադրել՝ միջին ծանրությա՞ ն, թե՞ թեթև վնասվածքներն է պատճառել օրինակ՝ Պետրոս Իսրայելյանը:
Ըստ պաշտպանի՝ խմբով կատարված հանցավոր արարքի դեպքում անհրաժեշտ է, որ նախ խմբի դիտավորությունը հիմնավորվի, ինչը տվյալ գործով չի արվել:
Պետրոս Իսրայելյանը միացավ իր պաշտպանին, նա ոչինչ չավելացրեց:
Դատարանն անցավ բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ կողմերի պատասխաններն ունկնդրելուն:
Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանն առարկություններ ներկայացրեց մեղադրող, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի դեմ: Նախ պաշտպանը շեշտեց «մի անթույլատրելի հանգամանք»՝ նկատի ունենալով մեղադրողի արտահայտությունները՝ ընդհանուր իրավասության դատարանի հասցեին, մասնավորապես. «դատարանը կեղծ տպավորություն է ստեղծել», «դատարանը կեղծել է իրականությունը» և այլն:
Ըստ Ե. Սարգսյանի՝ անթույլատրելի է, որ դատախազությունը կամ պետական այլ մարմինները դատարանի հասցեին նման արտահայտություններ թույլ տան, դրանք, ամենայն հավանականությամբ, «այլ նպատակ են հետապնդում»: Պաշտպանը նշեց՝ չեմ կարծում, թե դատախազը իրոք մտածում է, որ դատարանը կեղծել է իրականությունը…
Երեմ Սարգսյանը վերստին անդրադարձավ Ալիկ Բանդուրյանի մասով մեղադրանքի ձևակերպման անհասկանալի, ընդհանրական լինելուն: Նշեց, թե ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական կողմը ջանացել է մեղադրողից ճշտել՝ տուժողին ի՞նչ վնասվածքներ հասցնելուն է դրդել Ալիկ Բանդուրյանը, տուժողի ստացած ո՞ր վնասվածքների առումով պիտի Ալիկ Բանդուրյանը կառուցի իր պաշտպանությունը:
Առաջին ատյանի դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը պատասխանել է՝ այն բոլոր վնասվածքները, որոնք տուժողի մահը չեն առաջացրել:
Այնուհետև պաշտպանական կողմը տվել է հաջորդ հարցը՝ ո՞ր վնասվածքներն են, որ տուժողին մահ չեն պատճառել: Դատախազը հղում է կատարել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Պաշտպանը նշեց՝ եթե տուժողին մահ են պատճառել դանակով ու հրազենով պատճառված ծանր վնասվածքները, ապա մնացած ո՞ր վնավածքներն են եղել ծանր, որոնց պատճառումը դրդել է Բանդուրյանը: Ավարտուն այլ ծանր վնասվածք կա՞ տուժողին պատճառված:
Երեմ Սարգսյանը հիշատակեց, թե առաջին ատյանի դատարանում մեղադրողը «բացահայտում անելու պես» ասել է, որ պաշտպանական կողմը գործի նյութերին չի տիրապետում, քանի որ Մուշեղյանին պատճառվել էր նաև մահվան հետ կապ չունեցող ծանր վնասվածք՝ զստոսկրի թևի կոտրվածք: Դա նաև տեղավորվում է Բանդուրյանի՝ իբր հորդորներին, թե՝ բիտեքով խփեք, ոտքերը ջարդեք: Բայց պաշտպանական կողմը նույն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից մեջբերել է զստոսկրի թևի կոտրվածքի վերաբերյալ հատվածը, համաձայն որի՝ հրազենային վնասվածքի առաջացման ժամանակ գնդակը, վնասելով տուժողի ներքին օրգանները, թափանցել ու մնացել է զստոսկրի թևի մեջ՝ առաջացնելով դրա կոտրվածք:
Երեմ Սարգսյանը հարցադրում կատարեց. «Հիմա ուզում ենք վերադաս դատախազի տեսակետը լսել՝ տուժողին պատճառված ո՞ր ծանր մարմնական վնասվածքներն են, որ ավարտուն են ու մտել են Բանդուրյանի հանցավոր դիտավորության մեջ»:
Պաշտպանն ընդգծեց՝ իր ասածը չի նշանակում, թե Բանդուրյանի դրդչությամբ կատարվել է հանցափորձ կամ հանցավոր արաքի նախապատրաստում, քանզի այդ մեղադրանքների դեպքում պետք է ապացուցված լինի ուղղակի դիտավորության առկայությունը, այսինքն՝ որ Բանդուրյանն ուղղակի դիտավորություն է ունեցել տուժող Մուշեղյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու:
Երեմ Սարգսյանը նույնպես անդրադարձավ հեռախոսային խոսակցությունների վերահսկման ու գաղտանլսումների արդյունքները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու անհրաժեշտության, այդ օպերատիվ-հետախուզական գործողության կատարման օրինականության հարցերին:
Վերաքննիչ դատարանի կազմի դատավոր Ս. Մարաբյանի ու պաշտպան Ե. Սարգսյանի միջև իրավաբանական տեսական թեթև քննարկում տեղի ունեցավ:
Դատավորն առանձնացրեց՝ կա փաստի գնահատում և իրավունքի գնահատում, պետք է քննարկվի՝ օպերատիվ-հետախուզական գործողությունը կարո՞ղ էր կատարվել, իսկ հետո՝ պետք է գնահատվի արդյունքի արժանահավատությունը…
Երեմ Սարգսյանը հարց բարձրացրեց՝ եթե վերահսկվել են Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցությունները, հայտնի է դարձել, որ նախապատրաստվում է ծանր հանցագործություն, ինչո՞ւ իրավապահները չեն նախականխել դրա կատարումը, ինչո՞ւ են թույլ տվել, որ արյունոտ ռազբորկան տեղի ունենա:
Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաև ՔԿՀ-ում «Ներքին դիտում» գործողության իրականացման օրինականության հարցին, պնդեց, որ իր համոզմամբ, ու առաջին ատյանի դատարանը նույնպես եկել է այդ համոզման՝ «Ներքին դիտումը» իրականացվել է Ալիկ Բանդուրյանի ձայնի նմուշը ստանալու նպատակով, մինչդեռ նմուշ ստանալը միանգամայն այլ ընթացակարգ պահանջող գործողություն է: Վարույթն իրականացնող մարմինը չի կարողացել նմուշ ստանալ, այդ պատճառով դիմել է «Ներքին դիտում» գործողությանը: Օրենքը, ճիշտ է, բացառություններ նախատեսում է՝ եթե նման գործողությունը կատարվել է բարեխղճորեն, ապա կարող է օրինական համարվել, բայց ըստ Երեմ Սարգսյանի, տվյալ դեպքում «Ներքին դիտումը» բարեխղճորեն չի կատարվել ու չի պահպանվել այդ գործողության կատարման՝ օրենքով նախատեսված ընթացակարգը: Ընդհանրապես՝ Ալիկ Բանդուրյանին չի էլ առաջարկվել ձայնի նմուշ հանձնել…
Երեմ Սարգսյանը շեշտեց՝ եթե անգամ հեռախոսային խոսակցությունների գաղտանլսումների արդյունքները պայմանականորեն համարենք թույլատրելի ապացույց, ապա դեպքից հետո Պետրոս Իսրայելյանն ասել է՝ բիտեքով ոտքերն ու ձեռքերը ջարդել ենք, բայց տուժողի մարմնին որևէ կոտրվածք չի արձանագրվել, ուրեմն՝ կարող է խոսք գնալ Իսրայելյանի կողմից չափազանցված նկարագրության մասին…
Երեմ Սարգսյանը պահանջեց ամբողջությամբ մերժել Երևան քաղաքի դատախազի վերաքննիչ բողոքը, իսկ Միհրան Պողոսյանի բողոքը բավարարել:
Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Ավագյանը նույնպես պահանջեց մերժել դատախազի վերաքննիչ բողոքը: Նշեց, թե «Ներքին դիտումը» «ոտքից գլուխ շինծու» ապացույց է, Բանդուրյանին ՔԿՀ-ում «գաղտնագողի» տարել են ինչ-որ աշխատասենյակ ու զրուցել են հետը… Պաշտպանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողը «սև փիար» է արել պաշտպանական կողմին՝ նշելով, թե քրեական գործի նյութերին պաշտպանական կողմը չի տիրապետում և՝ որ տուժողը ստացել էր նաև զստոսկրի թևի կոտրվածք, որը ծանր վնասվածք է համարվում, մինչդեռ այդ կոտրվածքը, ինչպես պաշտպանական կողմն է վեր հանել դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա, հրազենի կրակոցից հետո գնդակի առաջացրած վնասվածք է:
Ալիկ Բանդուրյանը միացավ իր պաշտպաններին, նա ոչինչ չավելացրեց:
Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, թե իր վերաքննիչ բողոքը հենց կարող է համարվել դատախազի բերած բողոքի դեմ իր պատասխանը: Պաշտպանը մեկ անգամ ևս անդրադարձավ «Ներքին դիտում» գործողությանը, հարցադրում արեց. ո՞ր տրամաբնությամբ կարող է ՔԿՀ պետի՝ օպերատիվ գծով տեղակալի աշխատասենյակը Ալիկ Բանդուրյանի համար «բնակարան» համարվել, այն շատ-շատ՝ կարող է բնակարան համարվել այն անձի համար, ով այնտեղ աշխատում է: Այդ գործողության ընթացքում անձը պիտի կատարման վայրն ընկալի, ասենք, որպես բնակարան:
Գործողության կատարումը պաշտպանն անբարեխիղճ համարեց, իբր՝ նպատակ են ունեցել հանցավոր արարքին մասնակից այլ անձանց մասին տեղեկություններ ստանալ, բայց իրականում զրուցել են անձնական, ընտանեկան թեմայով. «Ո՞ւր են չպարզված անձանց մասին տեղեկությունները»:
Մ. Պողոսյանը նշեց՝ եթե անգամ Պետրոս Իսրայելյանը աշխարհի ամենաուժեղ տրավմատոլոգը լիներ, նա չէր կարող դեպքից հետո իմանալ, որ իր գործողությունների արդյունքում կոտրվել է տուժողի զստոսկրի թևը, և այդ մասին հայտնել հեռախոսային խոսակցության ժամանակ:
Մ. Պողոսյանը նկատեց՝ ինչպե՞ս եղավ, որ դեպքից հետո դեպքի վայրում հայտնաբերվեցին կրակված պարկուճներ, բայց, ասենք, «բահի կոթեր, բիտեք» չհայտնաբերվեցին: Պաշտպանն անթույլատրելի ու «աբսուրդ» համարեց, որ դեպքից հետո Պետրոս Իսրայելյանի ընտանիքի անդամներին մեղադրել են հանցագործությունը պարտակելու համար…
Ըստ Միհրան Պողոսյանի՝ այս գործով քննչական մարմինը ապացույց ձեռք բերելու ուղղությամբ գործողությունները ձախողել է…
Պաշտպանը պահանջեց մերժել դատախազի վերաքննիչ բողոքը: Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը նշեց, թե համաձայն չէ դատախազի բողոքին:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը Միհրան Պողոսյանի վերաքննիչ բողոքի դեմ առարկություն ներկայացնելով՝ ասաց, թե չի զարմանում, որ պաշտպանների ճառերը առաջին ատյանի դատարանում, առաջին ատյանի դատարանի դատավճիռը ու վերաքննիչ դատարանում պաշտպանների ելույթներն «այդ աստիճանի համընկնում են»:
Դատախազը համաձայն չէր պաշտպանական կողմի դիտարկմանը, թե վերաքննիչ բողոքում անհարգալից է արտահայտվել առաջին ատյանի դատարանի վերաբերյալ՝ նշելով «կեղծիք» բառը: Դատախազը նշեց, որ իր բողոքով անհամաձայնություն է արտահայտել առաջին ատյանի դատարանի կողմից գործի փաստերին տրված գնահատականներին. «Շատ բաներ կան դատական ակտում, որ իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց դատախազը և ընդգծեց,- «Ստորագրում եմ բողոքի մեջ գրված յուրաքանչյուր բառի տակ»:
Դատախազը նշեց, որ առաջադրված մեղադրանքի որոշակիությունն ու հստակությունը պայմանավորված չեն պաշտպանական կողմի տված գնահատականով:
Տվյալ գործով առաջադրված են հստակ մեղադրանքներ: Անընդունելի են առաջին ատյանի դատարանի ու պաշտպանական կողմի հարցադրումները՝ ինչպե՞ս կարող էին հարվածներ հասցվել, ու վնասվածքներ չառաջանալ: Այդպես էլ է լինում՝ նշեց դատախազը: Նաև հիշեցրեց, որ դեպքից հետո, մինչև իրավապահների ժամանումը, դեպքի վայրը մաքրվել էր, ահա թե ինչու չեն հայտնաբերվել «բահերի կոթերն ու բիտեքը». «Կարելի է ենթադրել, թե որտեղ են այդ առարկաները»,- ասաց դատախազը:
Նա նշեց, թե առաջին ատյանի դատարանի հետևություններն անգամ միմյանց չեն համապատասխանում, այդ առումով Միհրան Պողոսյանն իրավացի է, բայց անհրաժեշտ պաշտպանության վիճակում չի գտնվել ո՛չ Գևորգ Ավետիսյանը, ո՛չ Պետրոս Իսրայելյանը:
Անդրադառնալով օպերատիվ-հետախուզական գործողությունների անցկացումը թույլատրելու միջնորդությունների քննարկումների նյութերը պաշտպանական կողմին չտրամադրելու հարցին՝ դատախազը հիշատակեց Եվրոպական դատարանի մոտեցումը, թե քրեական դատավարության ընթացքում օրենքով պաշտպանված գաղտնիքը չի կարող նսեմացվել:
Դատախազը պաշտպանների նշած՝ «արատավոր պրակտիկայի» մասին իր տեսակետն ուներ, ըստ նրա՝ արատավոր պրակտիկա է օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու իրավունք ունեցող պետական մարմնի գործողությունները մշտապես կասկածի տակ դնելը, եթե այսպես գնա, մի օր էլ դատարանում դատական նիստի ձայնագրառումը փորձաքննության կուղարկեն՝ որոշելու համար՝ ովքե՞ր են խոսում…
Դատախազը միջնորդեց մերժել Միհրան Պողոսյանի վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ քրեական դատարանի կազմի դատավոր Տ. Սահակյանը հարց տվեց ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին. «Հրաժարվո՞ւմ եք, որ այդ հեռախոսային խոսակցությունները իրականում տեղի են ունեցել»:
Ալիկ Բանդուրյանն ասաց. «Հրաժարվում եմ հարցերին պատասխանելուց»:
Դատական հաջորդ նիստին՝ հունիսի 25-ին, վերաքննիչ դատարանը կունկնդրի կողմերի միջնորդությունները, եթե այդպիսիք լինեն, և, հնարավոր է՝ հեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:







































