Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը մեղադրել է Իրանի կողմից հնչող սպառնալիքներն անտեսելու մեջ, որը Նեթանյահուի կարծիքով՝ փորձել է զենք մատակարարել պաղեստինցի գրոհայիններին՝ հաղորդում է BBC-ն:
«Զենքով նավը կալանքի տակ վերցնելու փաստի անտեսումը միջազգային հանրության կողմից երեսպաշտության դարաշրջանի ևս մեկ նշան է, որում ապրում ենք: Մահացու զենք տեղափոխող նավի հանդեպ արձագանքը լավագույն դեպքում եղել է թույլ քննադատություն, այն էլ՝ հազվադեպ: Ընդհակառակը՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են Արևմուտքի ներկայացուցիչները Թեհրանում ժպտալով սեղմում իրանցի առաջնորդների ձեռքը՝ այն ժամանակ, երբ կալանված հրթիռները բեռնաթափվեցին այստեղ՝ Էյլաթում»,- հայտարարել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետի խոսքերով՝ հրթիռները նավի վրա բեռնվել են Իրանում և Իրանի կողմից:
Իրանն իր հերթին նշել է, որ որևէ կապ չունի զենքի հետ, որն իսրայելցի զինվորականները հայտնաբերել են Klos-C կոնտեյներատարում:








































