«Ընդհանրապես մեր կանոնադրությունը մեզ պարտավորեցնում է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ձգտում են ժողովրդավարության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ համախմբվելու վերաբերյալ հայտարարությանն ու արդեն իսկ ընթացող քննարկումներին:
«Այս հարցը մի փոքր ավելի խորքային է: Երբ ԱԻՄ-ը ստեղծվեց, որևէ այլ ուժ չկար, և մենք պայքարում էինք բազմակուսակցական Հայաստանի համար: Հետո ԱԻՄ-ից ծնվեցին շատ այլ կուսակցություններ, ցավոք սրտի՝ այսօր իրեն վատ պահող Հանրապետականն էլ է ԱԻՄ-ից ծնվել: Դրանից հետո մենք ունենք կանոնադրություն, որ ԱԻՄ-ը պարտավոր է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ձգտում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության: Հիմա, եթե մեզ այդ առաջարկը լինի՝ մենք մեր կանոնադրության համաձայն պարտավոր ենք քննարկել դա, եթե չլինի՝ մենք նորից հանգիստ կնայենք դրան, որովհետև մեր տված գնահատականներն ունենք արդեն»:
Մեր հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ-ն այն ժողովրդավար ուժն է, որի հետ պետք է համագործակցել ժողովրդավարության հասնելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե մթնոլորտում կա հանուն ժողովրդի ինչ-որ բան անելու հարց, ապա դուք անձամբ կարող եք գալ և ասել՝ այս բաները եթե արվի, լավ կլինի, և ես չիմանալով, թե դուք ով եք՝ պարտավոր եմ լսել, որովհետև կարող է դուք ասում եք մի բան, որ ես դեռ չեմ պատկերացրել, որ կարող է լինել:
Իսկ եթե գնահատականներ տանք, պարզ է, որ առանձին կուսակցություն որպես, որ կուսակցությանն ուզում ես հարցու՝ մյուս կուսակցության մասին իրավունք չունի որևէ բան ասել: Եթե լավն արտահայտի՝ անհասկանալի է՝ ինչու ինքը կա, եթե լավն է՝ նրա անդամ կդառնա, ավելի լավ, քան իր կուսակցության մասին՝ չի կարող ասել»:
Հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք արտաքին քաղաքական հակասությունները համագործակցելու համար չեն խանգարի, չէ՞ որ ինքը հստակ դեմ է Մաքսային միությանը, իսկ ԲՀԿ-ն համենայնդեպս դեմ չէ, Պարույր Հայրիկյանն ասաց. «Ճիշտ հարց եք տալիս, բայց օրինակ՝ մոտավորապես կարող եք նույն բանն ասել, որևէ բան միասին որոշելը չի՞ խանգարի արդյոք այն հանգամանքին, որ դուք կին եք, նա տղամարդ, այն էլ կարող է ասել, բայց մենք ծառ ենք տնկում, և այդ դեպքում կարևոր չէ՝ մենք կին ենք, թե տղամարդ:
Հիմա դրա համար ես նշեցի մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցում պետք է հստակեցվի, թե ինչ հարցում է համագործակցությունն առաջարկվում, եթե համագործակցություն առաջարկվի հանուն Մաքսային միություն, ապա մենք միանգամից պետք է ասենք, որ մենք համագործակցություն չունենք ռուսական իմպերիալիզմի հետ, այդտեղ մենք անելու բան չունենք, մենք քաղաքացիների հետ ավելի լավ կհամագործակցենք: Բայց եթե խոսք գնա այն մասին, թե Հայաստանն ինչպես ավելի ժողովրդավար դարձնել, ոչ մեկը լուծում չունի, բայց մենք հստակ ու հզոր բանաձև ունենք, ապա կլսենք և կքննարկենք: Բացի այդ, ես չեմ կարծում, որ նախաձեռնողը միայն մեկ կուսակցություն է, շատերն են խոսում այդ մասին:
Պատկերացրեք, որ Հանրապետական կուսակցության դեպքում էլ, որը մերժելի է ինձ համար իր Մաքսային միության հայտարարության առումով, ես իրավունք չունեմ ուղղակի ասել, թե քանի որ դուք Մաքսային միության կողմնակից եք՝ ես ձեր հետ ոչ մի բան չունեմ խոսելու: Մաքսային միության մասով դուք ինձ հետ կմնաք հակառակորդ, բայց այս հարցում կտեսնենք, թե ինչ ենք անում»:







































