ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտադիր է այցելել Ուկրաինայի արևելյան շրջաններ, սակայն դեռևս հստակ չի որոշել՝ երբ և կոնկրետ ուր: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Միյատովիչը նշել է, որ Ուկրաինայում մամուլի լուսաբանումները շատ տարբեր են`հավելելով, որ կցանկանար ավելի շատ միասնականություն, պրոֆեսիոնալ համերաշխություն տեսնել:
«Ուկրաինայում լեզուների զարգացման և կիրառման մասին» օրինագիծ ընդունելու առաջարկը, որը ենթադրում է աստիճանաբար լատինատառ այբուբենի անցում, ըստ Դունյա Միյատովիչի, ճիշտ չի լինի:
«Այդ հարցն իմ մանդատի մեջ չի մտնում, ես չեմ կարող այն պաշտոնապես մեկնաբանել, սակայն իմ անձնական կարծիքով դա ճիշտ չէ: Դա ինձ հիշեցնում է իմ երկիրը` Բոսնիա-Հերցեգովինան, որտեղ ճգնաժամի ժամանակ ևս նման բաներ էին տեղի ունենում: Յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր կարծիքը ցանկացած լեզվով և ցանկացած տառերով»,- ասել է նա:







































