Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտագաղթին ինքը միանշանակորեն բացասական չի վերաբերվում: «Ընդհանրապես Հայաստանը և Հայաստանում ապրող ժողովուրդը չի սիրում զարգացում: Եթե քիչ թե շատ կրթված երեխան դուրս է գալիս փողոց, տեսնում ենք՝ մնացածի վերաբերմունքը ինչպիսին է այդ երեխայի նկատմամբ և հասկանում, որ մեր ազգը զարգացում չի սիրում:
Այսինքն՝ խնդիրը նրանում է, որ իշխանություն լինի, ընդդիմություն՝ մեր ազգը ավելի հակված է ապրել հետամնացության մեջ, քան՝ զարգացման: Ես նկատի չունեմ, ոչ միայն նյութական բարեկեցությունը, այլև հոգևոր հարմարավետությունը: Սովետիզմի, ավանդականության, պահապանողականության և մի շարք կարևոր տարրեր գումարվելով իրար ստեղծում են այն միջավայրը, որում որ ապրում ենք: Արդյունքում ստեղծվում է մի բան, որ մարդը Հայաստանում չի կարողանում ռեալիզացվել: Դրա մեղավորը ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունն է, այլև հասարակությունը: Ուզում եմ ասել, որ արտագաղթի պատճառը միայն քաղաքական չէ, այլև մարդիկ չեն հանդուրժում միջավայրի փոփոխությունը: Պատրաստ են հանդուրժել այն, ինչ կա, ոչ թե փոխել այն, ինչ կա: Արդյունքում ստացվում է, որ մարդիկ, ովքեր ուզում են փոխել կամ ապրել ավելի լավ՝ տեսնում են մեծ դիմադրություն ու թողնում գնում են»,- արձանագրեց ազգագրագետը:
Ավելին՝ նա չի գտնում, որ այստեղ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: «Ի՞նչ է, թողնենք, որ նորմալ մարդիկ մնան այստեղ ժանգոտե՞ն: Չէ, ես գտնում եմ, որ նման մարդիկ պետք է գնան այստեղից անձնական կարիերան անեն և զարգանան, մինչև որ Հայաստանը նրանց կարողանա գնահատել: Իսկ այդ արտագաղթի հետևանքները արդեն կա, և այդ հետևանքը այսօրվա Հայաստանն է: Այսինքն՝ դա մի երկիր է, որտեղ նորմալ մարդը չի կարողանում մնալ և ապրել»- եզրափակեց Աղասի Թադևոսյանը և ավելացրեց, որ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մարդու արժեքը տեղում գնահատվի:
Իսկ մինչ մեր իշխանությունները խոսում են մարդու արժեքից, ժողովրդավարությունից և ազատ ու թափանցիկ ընտրություններից, ՀՀ քաղաքացիները բռնում են արտագաղթի ճանապարհը: Մասնավորապես Ռուսաստանը իր դռները բացում է սևագործ բանվորների, չարչիների առջև, իսկ Եվրոպան հիմնականում հյուրընկալում է մասնագիտացված զանգվածին:









































