Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը։
– ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ հստակ վերջնաժամկետ ներկայացվեց իշխանություններին երկխոսության առաջարկը ընդունելու համար։ Փաստորեն, եթե մինչև սեպտեմբեր իշխանությունը ոչինչ չանի, ՀԱԿ-ը կպահանջի նրա հրաժարականը։ Կարծում եք՝ մինչ այդ վերջնաժամկետի լրանալը իշխանությունները երկխոսությանը կհամաձայնե՞ն։
– Իշխանությունները առավել քան հստակ արտահայտել են իրենց տեսակետը երկխոսություն մասին։ Նրանք ասել են, որ այն ֆորմատով, որն առաջարկում ՀԱԿ-ը, հրաժարվում են երկխոսել։ Եվ առաջարկել են մի այլ ֆորմատ, որի հետ համաձայն չէ ՀԱԿ-ը։ Ես չեմ կարծում, որ իշխանությունը կփոխի իր դիրքորոշումը մինչև սեպտեմբեր, եթե չլինի նրա վրա հստակ պարտադրանք։ Այսինքն՝ եթե ՀԱԿ-ը կարողանա անելանելի վիճակի մեջ դնել իշխանություններին, այդ դեպքում գուցե իշխանությունները վերանայեն իրենց պատասխանը։
– Իսկ անհրաժեշտ ճնշումի կիրառումը իշխանության հանդեպ և արդյունքում արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր համարո՞ւմ եք։
– Առայժմ նախադրյալներ չեմ տեսնում նման ճնշում իրականացնելու համար, բայց գուցե և ստեղծվեն։ Արտահերթ ընտրությունները դեռևս չեն բացառվում։ Բայց դրա համար առայժմ ընդդիմությունը չի ստեղծել բավարար պայմաններ։
– Չե՞ք կարծում, որ իշխանությունները սպառել են ամեն մի հնարավորություն՝ խուսափելու երկխոսությունից, չունեն միջազգային հանրության աջակցությունը Կազանից հետո, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է, արտագաղթի տեմպերը՝ ահռելի դառնում։
– Ինչ կատարվեց Կազանում։ Ըստ էություն, ստեղծված աժիոտաժը բավական արհեստական էր։ Կողմերը հանդիպումից մի քանի օր առաջ հստակ ցույց էին տվել իրենց դիրքորոշումները, և պարզ էր, որ դրանք լրիվ իրարամերժ են։ Կազանում ընդամենը ասվեց, որ բանակցությունները վարելուն որևէ այլընտրանք չկա, և հող նախապատրաստվեց այլ առաջարկների համար։ Կազանից առաջ էլ նրանք կարող էին այդ առաջարկները հնչեցնել։ Ինչ վերաբերում է սոցիալական վիճակին, ես կարծում եմ, որևէ օլիգարխիկ իշխանություն իր գործողությունները չի պայմանավորում սոցիալական վիճակի լավացմամբ կամ վատթարացմամբ։ Իշխանությունները գնում են ընդդիմությանն ընդառաջ՝ եթե հստակ ճնշում են տեսնում, եթե տեսնում են, որ իշխանության մնալու իրենց հնարավորությունները այլևս սպառված են։
– Հանրահավաքի ժամանակ հնչեց ևս մեկ հստակ պահանջ. իրական աշխատանքներ տանել Մարտի 1-ի զոհերի սպանության մեղավորներին բացահայտելու ուղղությամբ։ Ի՞նչ եք կարծում, այս քայլով քոչարյանական գործոնը պակասեցնելով՝ ընդդիմությունը չի՞ հասնի իշխանության ավելի անկաշկանդ լինելուն և, ի վերջո, երկխոսության կայացմանը։
– Չեմ կարծում, որ ներկա վարչակազմի օրոք հնարավոր է Մարտի 1-ի դեպքերի բացահայտում։ Մասնակի հնարավոր է, հնարավոր է՝ բացահայտվեն և պատժի ենթարկվեն կոնկրետ կատարողներ։ Ամբողջությամբ Մարտի 1-ի բացահայտումը կլինի միայն Հայաստանում ժողովրդավարություն հաստատելուց հետո։ Սակայն հայտարարությունը, այո, ուղղված էր Քոչարյանի դերը սահմանափակելուն։ Գուցե նաև ՀԱԿ-ը մտածում է, որ Սերժ Սարգսյանին էլ է դա ձեռնտու, և այդ առումով կարող են շահերը համընկնել։ Սակայն իշխանությունները պատասխանելու են հետևյալը, որ միշտ ամեն ինչ անելու են Մարտի 1-ը բացահայտելու համար, և ընդդիմությունը չէ, որ պիտի ստիպի իրենց։










































