«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը։
–Պարոն Մինասյան, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և մասնավորապես Ղրիմում տիրող լարված իրավիճակի հետ կապված՝ հաճախ համեմատական է անցկացվում Ղարաբաղի հետ և ընդգծվում, թե դա լավ նախադեպ կարող է լինել Ղարաբաղյան հիմնահարցի համար։ Համակարծի՞ք եք:
-Իմ կարծիքով՝ Ղրիմի կամ Աբխազիայի, Օսիայի հարցերը միշտ էլ Ղարաբաղի խնդրի հետ կապված արձագանք են ունենում: Բայց ես կարծում եմ, որ անուղղակի ձևով պետք է լինի այդ արձագանքը, որովհետև երեք կողմերը՝ Հայաստանը, Ղարաբաղը, Ադրբեջանը, չեն ուզում ավելի վտանգավոր աստիճանի հասցնել: Թե՛ Արևմուտքը, թե ՛ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անեն, որ Մինսկի խմբում հանգիստ մթնոլորտը պահպանվի։ Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան Մինսկի խմբում այնպիսի կեցվածք կունենան, որ Ռուսաստանի հետ բախումներ չհրահրեն, պետք է այնպես անեն, որ բանակցությունները շարունակվեն: Բացի այդ, ռուսները չեն ուզում, որ Ղարաբաղի հարցը լուծվի, և չեն ուզում, որ Ղրիմի հարցը արձագանք ունենա Ղարաբաղի վերաբերյալ, ուզում են զատել դրանք իրարից , որովհետև իրենց համար ուղղակի կապ չկա: Իսկ հայերի և Ղարաբաղի ժողովրդի համար, ըստ իս, այդ կապը կա:
–Հիմա Ռուսաստանի և Արևմուտքի միջև խոր անվստահություն կա, այն հատկապես սրվեց ուկրաինական իրադարձությունների ֆոնին։ Ի՞նչ եք կարծում, Մինսկի խմբում համանախագահող երկրները կկարողանա՞ն բնականոն շարունակել աշխատանքը այս իրավիճակում:
-Աշխատանքը, կարծում եմ, նորմալ կլինի, ուրիշ ճար չունեն, չեն ցանկանա, որ այնպիսի հետևանք լինի, որը վատ լինի բոլոր կողմերի համար: Բայց Ուկրաինայի մասով ասեմ, որ միայն սրանով չէ պայմանավորված, եթե ավելի մոտ նայենք՝ կապված է Ռուսաստանի և Վրաստանի պատերազմի հետ, որ 2008 թվականից սկսած՝ Արևմուտքը շատ բան չառաջարկեց խորհրդային նախկին հանրապետություններին: Արևելյան գործընկերությունը միակ բանն է, և լավն է այդ մեխանիզմը հանրապետությունների համար, բայց հարցն այն է, որ Եվրպան ոչ մի բան չառաջարկեց Ռուսաստանին: Այսինքն՝ մի կողմից կար Արևելյան գործընկերության մեխանիզմը, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի համար ոչինչ չկար:
Պուտինը ոչ թե 21-րդ, այլ 19-րդ դարի մարդ է, որովհետև բոլոր հարցերի լուծումը տեսնում է միայն ուժի ճանապահով, դա վտանգավոր բան է, և պատասխանատու կեցվածք չէ: Պուտինը երկու լծակ ունի: Բանակն օգտագործի Ղրիմի դեմ, այսինքն՝ Ուկրաինայի դեմ Ղրիմի վերաբեյալ ավելի արմատական կեցվածք ունենա, և մյուս կողմից բանակցությունների մեջ մտնի Արևմուտքի հետ, պատրաստ լինի դրանց։ Այսինքն՝ իր ձեռքում երկու գործիք ունենա, մեկը ռազմական, մյուսը՝ ավելի քաղաքական և դիվանագիտական: Պուտինն ուզում է այնպես անել, որ տարբեր լծակներ ունենա իր ձեռքում, բայց, ըստ իսկ, Արևմուտքն այլևս միամիտ չէ և գիտի Պուտինի ռազամավարական սպասելի մոտեցումը: Հարցն այն է, որ ինքը կարող է ուժով խոսել, իսկ ի՞նչ կանի այդ դեպքում Արևմուտքը՝ հայտնի չէ։
–Պարոն Մինասյան, նշեցիք, որ Ղրիմի հարցով արձագանք կարող է լինել, այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցով դա լա՞վ նախադեպ կարող է լինել, թե՞ ավելի նախընտրելի տարբերակ է Կոսովոյի օրինակով անկախության ճանաչումը:
-Բուն խնդիրն այն է՝ արդյո՞ք Արևմուտքը կհայտարարի, որ այլևս պետք է ճանաչել այդ բոլոր փոքր պետությունները, որովհետև չճանաչել Ղարաբաղի, Աբխազիայի անկախությունը՝ կնշանակի Ռուսաստանի խաղը խաղալ: Ռուսաստանն ուրիշ անելիք չունի՝ կա´մ իր լծակը կօգտագործի որևէ պետության դեմ, կա´մ կոնֆլիկտների լծակը՝ Աբխազիա, Օսիա և Ղրիմ:
Սա է խնդիրը. որքան Արևմուտքը չճանաչի այդ փոքր պետությունները, այնքան ավելի Ռուսաստանին օգուտ: Ոչ միայն Ղարաբաղը. նայեք համաշխահային քարտեզին և կտեսնեք՝ լինի Ամերիկա, լինի Ասիա, լինի Արևմտյան Եվրոպա, լինի Միջին Արևելքում, բոլոր այդ տարածքներում գոյություն ունեն շատ փոքրիկ պետություններ, միկրո-պետություններ, օրինակ՝ Ամերիկան ունի Կոստա Ռիկա, Ասիայում՝ Սինգապուր, Աֆրիկայում՝ Ջիբուտի, Եվրոպայում՝ Մոնակո, Անդորրա կամ Մալթա, Կոսովո…
Ինչո՞ւ այդ աշխարհում անկարելի է երևակայել, որ նախկին Խորհրդային միության տարածքում ևս նման պետություններ պետք է լինեն, ինչո՞ւ չի կարելի ունենալ Աբխազիա, Օսիա, ինչո՞ւ է անընդունելի: Դա պետք է Հայաստանի դիվանագիտությունը հարցնի Արևմուտքին և ոչ միայն Արևմուտքին, այլև ամբողջ աշխարհին. ինչո՞ւ Ղարաբաղի վերաբերյալ չկա այդ ամենը, եթե կարող են զարգացնել իրենց պետությունները, ինչո՞ւ արգելել այդ պետություններին, որ անկախ լինեն:









































