Վրացական ընդդիմությունը քննադատել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որը դեմ է արտահայտվել պետության տարածքում ԱՄՆ ռազմակայանի տեղակայմանը, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Վրաստանի խորհրդարանում, ընդհանուր առմամբ, 150 տեղերից 27-ը զբաղեցնող «Եվրոպական Վրաստան» և «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունները կարծում են, որ Զուրաբիշվիլիի նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել երկրին: Այսպիսով, ՄԱՇ-ը գտնում է, որ պետության ղեկավարը զբաղվում է «ռուսական քարոզչության անմիջական տարածմամբ» և վստահություն է հայտնել, որ արդյունքում Զուրաբիշվիլիին իմպիչմենտ կհայտարարվի:

«Մենք ձգտում ենք պաշտպաված լինել մեր հիմնական սպառնալիքից` Ռուսաստանից: Ինչու պետք է Վրաստանի նախագահը դեմ լինի դրան (…): Այս մարդը լի է երկրի համար վնասակար և խեղաթյուրված գաղափարներով»,- Georgia Online-ը մեջբերում է խորհրդարանում «Եվրոպական Վրաստան»-ը ներկայացնող պատգամավոր Գիգա Բոկերիայի խոսքերը:
«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 1-ին, Վրաստանի նախագահն ասել է, որ պատրաստ չէ հավանություն տալ երկրում ԱՄՆ ռազմակայանի տեղակայմանը: Զուրաբիշվիլիի խոսքերով, Թբիլիսին չպետք է քայլեր ձեռնարկի, որը կարող է որպես սադրանք ընկալվել: Միևնույն ժամանակ, Վրաստանի նախագահը նշել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի անփոփոխ ընթացքը:







































