Աշնանը Երևանում տեղի կունենա բարձր մակարդակի զբոսաշրջային միջազգային համաժողով, որը կկազմակեպեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (ԶՀԿ): Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, համաժողովին կհրավիրվեն զբոսաշրջային միջազգային առաջնորդները:
«Ե՛վ մասշտաբներով, և՛ ընդգրկումով սա աննախադեպ կլինի Հայաստանի համար»,- շեշտեց Տ.Դավթյանը: Նա հայտնեց, որ աշխատանքներ են տանում մի շարք հեղինակավոր միջազգային հյուրանոցային բրենդների հետ, և ապագայում սպասվում է նրանց մուտքը ՀՀ:
Տ.Դավթյանի խոսքով՝ ԶՀԿ-ի հետ պայմանավորվել են կազմակերպել մի քանի վերապատրաստման դասընթացներ. «Նախնական պայմանավորվածություն կա, որ ՀՀ լավագույն մասնագետները վերապատրաստում անցնեն ԶՀԿ կենտրոնակայանում: Դա նոր գիտելիքներ ձեռք բերելու լավ հնարավորություն է: Վերադառնալով Հայաստան՝ նրանք իրենց ավանդը կներդնեն զբոսաշրջության զարգացման գործում»:









































