«Ուզում ենք կախարդական փայտիկ ունենալ, որ մի հարվածով բոլոր հարցերը լուծվեն: Եվ հիմա՝ հեղափոխությունից մեկ տարի անց ուզում ենք տեսնել, որ արդեն ապրում ենք բոլորովին ուրիշ Հայաստանում, բայց լուրջ, խորքային փոփոխությունների համար անհրաժեշտ է ժամանակ»,- հետհեղափոխական Հայաստանում տիրող տրամադրությունների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մշակութային մարդաբան Արեգ Թադևոսյանը՝ հավելելով, որ հեղափոխությունը ստեղծել է հնարավորությունների պատուհան, պետք է ճիշտ ուղղությամբ քայլել:
Ա. Թադևոսյանի դիտարկմամբ՝ հեղափոխությունը նախևառաջ յուրաքանչյուրիս ներսում պետք է տեղի ունենա. «Պետք է փորձենք այլ կերպ վերաբերվել հարցերին, այլ լուծումեր տալ, մեր վարվելակերպի մոդելները փոխել, այդ ժամանակ կարող ենք իսկապես թռիչքային աճ ունենալ»:
Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն ընդգծեց, որ հեղափոխության ինստիտուցիոնալացման կարևորագույն խնդիրն արմատապես նոր իշխանությունների ձևավորումն էր: «Սա կառավարման խնդիրն էր, որ լուծվեց, բայց կա նաև խնդրի երկրորդ դիտանկյունը: Հեղափոխությունն ինքնին բեկում է, այն տակնուվրա է անում ամեն ինչ: Հեղափոխությունը տակնուվրա արեց արժեքների մի ամբողջ համակարգ… ջնջվեցին սահմանները, տիղմը դուրս եկավ ջրի երես, խառնվեցին հարաբերությունները, իսկական հեղափոխական ալիք բարձրացավ, ժամանակ է պետք, որ նստի, կայունանա: Հեղափոխությանը հաջորդող շրջանում ոչ միայն ֆորմալ, այլ նաև հասարակական հարաբերությունները կարգավորող ոչ ֆորմալ ինստիտուտներ պետք է ստեղծվեն, մարդկանց հարաբերություններում նոր զսպիչներ պետք է առաջանան: Հասարակական հարաբերությունների արժեքային խարիսխները, արգելքներն անհրաժեշտ են հասարակության բնականոն կյանքը կազմակերպելու համար, այդ գործընթացները դեռ չեն ավարտվել, ընթացքի մեջ են»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































