Երուսաղեմի հայոց պատրիարքությունն այս տարի ապրիլի 24-ին Ցեղասպանության 99-ամյակին պատարագ կմատուցի: Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ հոգեհանգստի արարողություն կլինի, ապա միաբանության ներկայացուցիչների և պատրիարքի կողմից ուղերձ կհնչի:
Նախորդ տարի Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը, ով աչքի է ընկնում Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությամբ, ասել էր, որ աշխարհի վերջը չի գա, եթե Իսրայելը ճանաչի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երուսաղեմի Հայոց Պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, Պատրիարքության մամլո պաշտոնական խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը նշեց, որ վերջին անգամ Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսվել, և իսրայելական հինգ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ի նպաստ Ցեղասպանության ճանաչման՝ կոչեր են հնչեցրել:
«Ես ներկա էի Քնեսեթի նիստին՝ Հայ դատի հանձնախմբի հետ, սակայն Քնեսեթի խոսնակը հարցը դրեց կրթության և սպորտի հանձնաժողովի քննարկմանը, որպեսզի Քնեսեթը կրկին քննարկեր այս հարցը»,- ասաց Արիս սրբազանը:
Նա նշեց, որ այս տարի նույնատիպ ելույթներ կլինեն: Նա նաև հիշեցրեց, որ կարևոր ելույթ ունեցողը Քնեսեթի նախկին խոսնակն էր, որը շատ զորավոր ելույթ ունեցավ՝ ասելով, որ Քնեսեթի մեջ ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը պետք է հիշատակենք: «Ենթադրում եմ, որ այս տարի ևս այդպիսի ելույթներ կունենան»,- ասաց սրբազանը, ով նաև նշեց, որ մի քանի պատճառ կա, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Առաջին հերթին այն, որ հրեական ողջակիզման՝ Հոլոքոստի հետ նույնացնել չեն ուզում՝ Հոլոքոստն, ըստ իրենց, առանձնահատուկ է: Երկրորդ՝ Թուրքիայի հետ հաստատած քաղաքական կապերի պատճառով:
«Մենք դաշնակից ենք, Թուրքիային չենք ուզում վշտացնել: Մի քանի տարի առաջ կապերը վատացան, հիմա էլ ասում են՝ կապերը վատացել են, ավելի չվատացնենք»,- այսպես է լինում Իսրայելի իշխանությունների պատճառաբանությունը:
Երուսաղեմի հայոց պատրիարքությունն իր ամենօրյա աշխատանքների մեջ է: Հունվարի 21-23-ը միաբանական ընդհանուր ժողով է կայացել, որին ներկա են եղել արտասահմանի միաբանները, երեք կարևոր որոշում է ընդունվել. առաջին՝ երկու եպիսկոպոսական թեկնածուներ են ընտրվել Սուրբ աթոռի համար, երկրորդ՝ Արիս սրբազանը դարձել է ատենապետ, երրորդ՝ պատրիարքի առաջարկությամբ տեղի է ունեցել քվեարկություն և որոշվել է 50 հազար դոլար տրամադրել սիրիահայերին՝ որպես աջակցություն:







































