«Հրապարակ»–ը գրում է. «Երբ Հերմինե Նաղդալյանը խոսում է «գարնանային սրացումների» մասին, այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից: Գարունն ավանդաբար քաղաքական ակտիվացման, նոր կյանքի, նոր սիրո, նոր պայքարի ժամանակն է: Երբ մարդիկ վերանայում են ձմեռվա լճացած կենցաղն ու, թոթափելով հոգնությունը, ձեռնամուխ լինում իրենց կյանքում եղած թերությունների վերացմանը:
Պայքարի նոր փուլ թևակոխելուն այս անգամ նպաստող տարբեր գործոններ էլ կան: Սոցիալական վիճակը, ես կասեի՝ դասակարգային բևեռացումը, ահագնացող կարիքն ու զրկանքները, գնաճն ու գործազրկությունը:
Մյուս կողմից նպաստում են նաև ուկրաինական դեպքերը, որոնք մի այլ կարգի սրություն են հաղորդում հայաստանյան գարնանային զարգացումներին: Որքան էլ պետական քարոզչամեքենան կրկնօրինակի ռուսաստանյան լրատվամիջոցների թողարկումները և սարսռազդու մանրամասներ պատմի ու փորձի վախեցնել Կիևի դեպքերով, հայի մեջ նստած ըմբոստը նախանձով է նայում և հոգու խորքում հույսեր փայփայում, որ մեզանում էլ է հնարավոր նման սցենարի կրկնությունը:
«Գարնանային սրացումներին» որպես նպաստող հանգամանք կարելի է դիտել նաև Մաքսային միություն մտնելու փաստը, արտագաղթն ու Ռուսաստանում միգրացիոն նոր քաղաքականության կիրառումը, կենսաթոշակային կուտակային քաղաքականության ներդրումը:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































