Ի նշան Ֆրանսիայի ժողովրդի հետ համերաշխության՝ Անգլիայում ղողանջել են եկեղեցիների զանգերը։ Ամեն ինչ սկսվել է Երևանի ժամանակով 18։50-ին, երբ երկուշաբթի այդ ժամին այրվել է Նոտր Դամը։ Մեկնարկը տվել են Վեսթմինսթերյան աբբայությունում, իսկ հետո եկեղեցիների զանգերը սկսել են ղողանջել ամբողջ երկրում։
«Այս շաբաթ ավելի ուշ, Մաքրման հինգշաբթի, Անգլիայի բոլոր եկեղեցիներում և տաճարներում կղողանջեն զանգերը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Նա նշել է, որ Նոտր Դամն ամենագեղեցիկ շինություններից է, որը «քնքշորեն սիրում են ամբողջ աշխարհում»։ Հրդեհից ավերված տաճարի լուսանկարները նա «հոգեցունց» է անվանել։
Մեյը հավելել է, որ հարգանք է մատուցում հրդեհը հաղթահարած հրշեջներին և նրանց, որոնք պայքարել են այդ արտակարգ իրավիճակում։