2008-ի մարտի 1-ին Երևան քաղաքի կենտրոնում կատարված 10 սպանությունները մինչ օրս բացահայտված չեն, առայսօր սպանվածների իրավահաջորդները, տուժածները որևէ փոխհատուցում չեն ստացել: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը փետրվարի 26-ին ԱԺ-ում իր ելույթում նշեց, որ այս ամենը որևէ արդարացում չունի: Եզրակացությունը մեկն է՝ Գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն ամեն ինչ արել են՝ կոծկելու համար:
«Վարչախումբը, հետաքննությունն ապահովելու փոխարեն, ամեն ինչ բարդեց ընդդիմության վրա, հարուցվեցին շինծու գործեր: Ոչ մի մարդասպան դեռ դատարանի առաջ չի կանգնել, իրական հանցագործները մնացել են անպատիժ: Սակայն սա չի նշանակում, որ իմաստ չունի ստեղծել նոր հանձնաժողով. այն կարող է օժանդակել առնվազն 3-4 սպանության բացահայտմանը, իսկ դա կարող է լինել այն ժամանակ, երբ պատասխանատու անձինք կանգնեն դատարանի առաջ:
Պետք է վերջ տալ անպատժելիությանը: Եթե ժամանակին պատժվեին ապրիլի 12-ին ՀԱԿ ցուցարարների նկատմամբ բռնություն իրականացրած անձինք, ապա չէր լինի նաև Մարտի 1-ը»,- ասաց նա:
Դեմիրճյանի խոսքով՝ քանի դեռ մեր երկրում իշխանությունը չի ձևավորվում ժողովրդավարական ընտրությունների միջոցով, մենք նման դեպքերից ապահովագրված չենք: Մեզ մոտ ամեն ընտրություն լարվածության նոր ալիք է ստեղծում այն պարզ պատճառով, որ կեղծում են, իսկ ամեն կեղծված ընտրության համար մեր ժողովուրդը թանկ գին է վճարում:
Մարտի 1-ի հարցերն ուսումնասիրող՝ ստեղծվելիք նոր հանձնաժողովը, ըստ Դեմիրճյանի, տարբերվելու է նախորդից. հարցերը, որ ուսումնասիրելու է հանձնաժողովը, Երևանում կատարված սպանություններն են՝ հրազենով սպանություններ, մարտիմեկյան դեպքերին պետական կառույցների, պաշտոնյաների հնարավոր առնչության կամ մասնակցության հարցը: Ոճրագործությունը պետք է բացահայտվի, մեղավորները պատժվեն: Դա պետք է ոչ միայն Մարտի 1-ի զոհերի հարազատներին, այլև մեր երկրին:
Լուսանկարը՝ Photolure-ի







































