«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչ է փոխվել հեղափոխությունից մեկ տարի անց, նշել է՝ հիմնական հեղափոխությունը խոստումների հեղափոխություն է։ «Այսօր պետք է իրականացվի այն, ինչ ժողովուրդը լսում էր հեղափոխության ժամանակ: Ժողովուրդը սպասում է ավելի լավ ապրելուն, կյանքը բարեկեցիկ դարձնելուն, իսկ դրա համար հեղափոխությունից հետո անհրաժեշտ էր տնտեսական հեղափոխություն, որ ժողովրդի ժպիտն ու փայլը պահպանվի»,- ասել է Գ. Ծառուկյանը՝ ընդգծելով, որ ինքը ներկայացրել է տնտեսական հեղափոխության իր տեսլականն ու առանց դրա հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել: Միևնույն ժամանակ Ծառուկյանն ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհություն չունի, դժգոհությունը թիմից է։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, նշեց՝ ԲՀԿ-ն իր կարգավիճակով ընդդիմություն է։ Մեր զրուցակիցը նաև հիշեցնում է կուսակցության անդամների այն հայտարարությունը, որ լինելով ընդդիմություն՝ իրենք աջակցելու են Նիկոլ Փաշինյանին։ «Իրենք ի սկզբանե այդ տարբերությունը դրել են՝ նկատի ունեմ իշխանություն-Փաշինյան տարբերությունը և միշտ էլ շեշտը դնում էին Փաշինյանի վրա։ Հիմա էլ տրամաբանորեն շարունակում են իրենց որդեգրած գիծը՝ շեշտելով, որ աջակցում են վարչապետ Փաշինյանին, բայց նաև շատ բաներից դժգոհ են, այդ թվում՝ տնտեսական քաղաքականությունից»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շարունակելով իր միտքը՝ Վիգեն Հակոբյանը նշեց. «Հիմա էլ Արցախի հարցի շուրջ լսումների են հրավիրում՝ ամենայն հավանականությամբ այդտեղ էլ հարցեր կան, գուցե Փաշինյանի բազմաթիվ պատասխաններ իրենց չեն բավարարել։ Այսօր հանրության մոտ՝ քաղաքական, փորձագիտական, լրագրողական շրջանակներում կա մոտավորապես այն նույն ընկալումը, ինչ Գագիկ Ծառուկյանն է ասում։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ Փաշինյանը առանց թիմի է շատ դեպքերում հանդես գալիս, «հրշեջի» նման է, շատ հարցեր ինքը միայնակ է լուծում, եթե ինքը չի լուծում՝ դրանք մնում են չլուծված։ Այն, որ իր մոտ կան կադրային խնդիրներ՝ բոլորի համար ակնհայտ է և ես էլ դրա մասին մի քանի անգամ ասել եմ։ Իր թիմը, իր կառավարությունը երկու մասից է բաղկացած՝ կան պրոֆեսիոնալներ, որոնք հեղափոխությանը չեն մասնակցել՝ ՊԵԿ, Ֆիննախ, անվտանգության համակարգի աշխատակիցները և մյուս մասը, որը կազմված է այն մարդկանցից, որոնք իր քաղաքական համախոհներն են, պատահական ճանապարհ անցածները։ Ես նույնիսկ այդ թիմի մեջ եմ տարբերություն տեսնում ՝ կան շատ տաբեր մենթալիտետի մարդիկ։ Փաշինյանն ավելի շատ հենվում է պրոֆեսիոնալների վրա։ Ծառուկյանն ըստ էության ասում է, որ Փաշինյանն ուզում է, բայց պետք է լավ ուժեղ թիմ ունենա»։
Հակոբյանը եզրափակեց՝ կառավարությունը բալանսի բերած չէ. «Կան մարդիկ, որոնք լավ կամ վատ խնդիրները լուծում են և կան այնպիսիք, որոնց «աշխատանքը» բոլորն են տեսնում»։
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հասարակության մեջ որքան գործող իշխանությունների վարկանիշն ընկնի, իսկ դա անխուսափելի է ցանկացած իշխանության համար, այդքան քաղաքական մյուս ուժերը ավելի հստակեցնելու և կոշտացնելու են իրենց դիրքորոշումը, այսինքն` ընդդիմադիր կեցվածք են ընդունելու։ Հիմա մոտավորապես հենց դա էլ տեղի է ունենում։ Առավել ևս՝ «Բարգավաճ Հայաստանի» դեպքում, որը երբեք էլ չի թաքցրել, որ ընդդիմություն է շատ կոնկրետ հարցերի շուրջ՝ սոցիալական, տնտեսական հարցեր, ազգային ավանդական հարցերը պաշտպանելու հարցում, իսկ արտաքին քաղաքականության առումով նրանց տեսակետները երբեք էլ չեն տարբերվել գործող իշխանությունների տեսակետներից»։
Բաղդասարյանն ընդգծեց. «Այստեղ մենք տեսնում ենք հետևյալը. ԲՀԿ-ն ընդհանուր տրամաբանության մեջ դիրքավորվում է որպես հստակ ընդդիմություն։ Ինչպես բոլոր քաղաքական ուժերը, այնպես էլ այդ կուսակցությունն իր առջև հստակ նպատակ է դրել բարձրացնել իր վարկանիշը և հիմա հենց դրանով էլ զբաղված է»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի և նրա թիմի տարանջատմանը, մեր զրուցակիցն ասաց. «Առանձին դիտարկելու խնդիր չկա։ Ըստ իս՝ կա օբյեկտիվ գնահատական, որովհետև իսկապես Նիկոլ Փաշինյանի թիմից բավականին լուրջ դժգոհություններ կան, այսինքն` դժգոհությունները կոնկրետ կադրային քաղաքականությունից են։ Նպատակը ոչ թե տարանջատելն է, այլ իրողությունը ներկայացնելը, և դա միայն ԲՀԿ-ի կարծիքը չէ։ Այսինքն` դժգոհությունը ոչ թե Փաշինյանից է, այլ նրա գործունեության ոլորտներից մեկին՝ կադրային քաղաքականությանը»։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի







































