«Հայկական վեբկայքերի վարկանիշային չափիչ հարթակ հանդիասացող Circle.am կայքը, փորձելով դուրս գալ ճգնաժամից, ունքը հանելու տեղն աչքն էլ է հանել: Մեղմ ասած՝ նա ոչ ադեկվատ, եթե չասենք՝ սխալ մոտեցում է ցուցաբերել ռեֆորմացիայի գործում՝ մտցնելով մոդերատորների ինստիտուտը, և այդպիսով ըստ էության դանդաղ ինքնասպանություն է գործել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց օնլայն մարքեթինգի փորձագետ Էդգար Առաքելյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում Circle-ի կտրուկ վերափոխումները, և ինչով են դրանք պայմանավորված:
«Circle.am-ը վերջին շրջանում լուրջ ճգնաժամ էր ապրում, որը պայմանավորված էր երկու հիմնական գործոնով` ակնհայտ կեղծ թրաֆիքով կայք(եր)ի առկայություն վարկանիշային ցուցակի ամենավերևում, ինչն ամիսներ շարունակ չէր կանխվում ադմինիստրատորի կողմից, և անարդար մրցակցություն ամենակարևոր` «Լուրեր և լրատվամիջոցներ» կատեգորիայում: Վերջինիս պատճառն այն էր, որ 2012-13 թթ. մեծ թվով կայքեր էին ի հայտ եկել, որոնք, չունենալով սեփական լրագրողներ, ընդամենը հաջողությամբ պատճենում էին այլոց արտադրած ամենահետաքրքիր նյութերը և այդպիսով այցելություններով գերազանցում զգալի գումարներ ծախսող ու մեծ անձնակազմ պահող ավանդական օնլայն լրատվամիջոցներին: Ակնհայտ է, որ առաջին խնդրի լուծումը կարող էր լինել Circle.am-ի տեխնիկական վերազինումն ու կեղծարարների պատժումը, իսկ երկրորդինը` կայքերի զտումը ըստ սեփական բովանդակության առկայության կամ բացակայության: Սակայն նրանք գնացին այլ ճանապարհով…
Այժմ Circle.am-ից անհետացել է կայքերի այցելությունները (թրաֆիքը) ներկայացնող սյունակը, փոխարենը մտցվել է մոդերատորների վարկանիշ հասկացությունը: Ինչպես նշվում է, մոդերատորներն ինն են, որոնց անունները չեն հրապարակվում՝ իբրև թե ճնշումներից խուսափելու համար: Չեմ կասկածում, որ նրանք հայտնի փորձագետներ են, շատ-շատերը գուցե իմ ընկերներն են, բայց ինքը՝ այս սկզբունքն արատավոր է: Մարդիկ չեն կարող սուբյեկտիվ չլինել, ինչպես նաև չեն կարող պարբերաբար և անընդհատ հետևել հազարավոր կայքերի: Առավելագույնը, որ նրանք կարող են անել՝ ծախսելով որոշակի ժամանակ, ասենք մեկ ամիս, ինչ-որ չափանիշներով մի-մի անգամ կայքերը նայելը, գնահատելը և ստացված տվյալները համակարգ մուտքագրելը կլինի: Դրանից հետո համակարգը կդառնա անհետաքրքիր, որովհետև, եթե այն չի թարմացվում, մեռնում է»,- ասաց Էդգար Առաքելյանը:
Օնլայն մարքեթինգի փորձագետի խոսքով, արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ շուկա ինտերնետային չափումներ իրականացնող նոր խաղացող է փորձում մուտք գործել, իսկCircle.am-ը ինքնալիկվիդացվում է: «Այլ բացատրություն չունեմ, քանի որ բարեփոխում կոչվածն անհեթեթություն է: Եթե ինտերնետ չափումներ իրականացնող նոր մարմնի տեղը թափուր մնա, այլընտրանք չձևավորվի, սա վատ ազդեցություն կունենա ընդհանուր ինտերնետային գովազդի շուկայի և մրցակցային դաշտի վրա: Միաժամանակ, լիովին հնարավոր է, որ Հայաստանում օբյեկտիվ աշխատող նման ընկերություն մուտք գործի: Ես նույնիսկ հստակ պատկերացնում եմ՝ ինչի հաշվին դա կարող է տեղի ունենալ: Նոր համակարգն իրականում պետք է լինի Google Analytics-ի տվյալների ագրեգատոր: Կայքերը, որ կգրանցվեն նոր համակարգում, պետք է կամովին ներկայացնեն Google Analytics-ի տվյալները՝ օրական կտրվածքով: Ըստ այդմ, յուրաքանչյուր ոք կկարողանա ստուգել թվերի ճշմարտացիությունը: Ասենք՝ ես, որպես գովազդատու, կարող եմ զանգահարել այս կամ այն կայքի ադմինիստրացիային, պահանջել այսինչ օրվա Google Analytics-ի՝ PDF ձևաչափի տվյալները, համեմատել չափող կայքում եղած տվյալների հետ և համոզվել, որ կայքը ճիշտ է աշխատում: Բացի այդ, կայքերը ևս ժամանակ առ ժամանակ կարող են հայցել, ստանալ և ստուգել միմյանց տվյալները: Իսկ Circle.am-ի պարագայում ստուգիչ որևէ մեխանիզմ առկա չէր»,- ասաց Էդգար Առաքելյանը:
Ոլորտի մասնագետը նկատեց, որ գիտի բազմաթիվ խմբագիրների, ովքեր պարզապես ընկել էին դավադրությունների գիրկը և Circle.am-ի մասին հաճախ հանիրավի լեգենդներ էին հյուսում: «Դրա համար պետք է առաջինը վստահության խնդիրը լուծել: Եթե սա տեղի չունենա, կրկին դոփելու ենք տեղում, և ոլորտը չի զարգանալու»,- ասաց նա:









































