Կառավարության վերջին նիստում վարչապետը Նիկոլ Փաշինյանը բավականին ժամանակ է հատկացրել նախկին իշխող համակարգի տնտեսական վատ դերակատարության արձանագրման համար: Վարչապետը, օրինակ, խոսել է այն մասին, որ գազալցակայանների սեփականատեր նախկին օլիգարխները հարկային դաշտ բերելու կառավարության փորձին ի պատասխան հնարավոր է փորձում են գնային մանիպուլյացիաներով հարուցել հանրային դժգոհություն:
Մեկ այլ անդրադարձ է եղել հանրապետական նշանակության ճանապարհների նորոգմանը, որտեղ վարչապետը դարձյալ արձանագրել է, որ նախկին պաշտոնյաներ շարունակում են ճանապարհաշինության հաշվին փող աշխատելը, իրենց ախորժակով ազդելով ճանապարհների որակի վրա:
Սրանք օրինակներ են, որոնց պետք է արձագանքեն իրավապահները: Մյուս կողմից՝որքան էլ իրավապահ համակարգը խստագույնս արձագանքի հնարավոր կոռուպցիոն, մսխման ռիսկերին, այդուհանդերձ ակնառու է, որ տնտեսության դաշտը բավականին զգայուն է, ու այստեղ հիմնարար խնդիրները լուծվում են ոչ միայն կոշտ հակազդման գործիքներով, այլ նաև տնտեսական մեխանիզմներով:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, հրապարակախոս Նարինե Դիլբարյանը, վերլուծաբան Աղասի Մարգարյանը:
Նոր իշխանությունը հների կողմից ի՞նչ հակազդեցությունների է հանդիպում. Ազատ Արշակյանի կարծիքով՝ տեղի ունեցողը ոչ թե տնտեսական սաբոտաժ է, այլ տնտեսական ստատուս քվոն պահելու ձգտում. «Գերշահույթ ստացած գործարարներն ուզում են, որ պահպանվի այն ռեժիմը, որը գործել է նախկինում: Կապիտալը ազգություն, հոգի չունի: Հարկավոր է քաղաքական ակցիա անել, իշխանությունը պետք է դեկրետ ստորագրի, որ այսուհետև Հայաստանը դառնում է ազատ մրցակցային երկիր: Եվ խախտողների գլխին անպայման պետք է սուրը կախվի՝ այսինքն՝ պետք է գործի պատժիչ համակարգը: Լավ կլիներ, որ գործեր նաև խրախուսման ռեժիմը՝ նպաստելու քաղաքացիների ներգրավմանը արդար գործարարության մեջ»:
«Հեղափոխությունից հետո տնտեսական համակարգը դեռ չի փոխվել: Թեև հայտարարվեց, որ մենաշնորհներ չեն լինելու, ազատ մրցակցային դաշտ է ստեղծվում, բայց խոշոր ներկրողները չեն փոխվել: Մենք ապրում ենք մի բարդ ժամանակաշրջանում, որտեղ գերխնդիրը հետևյալն է՝ պետք է ապացուցել, որ նախկին տնտեսական համակարգը չի գործելու: Նախորդ տնտեսական համակարգը շատ ավելի վտանգավոր է, քան այն կուսակցությունները, որ «սև» են կոչվում: Եթե այդ կուսակցությունները զրկվեն ֆինանսներից, նրանք աստիճանաբար կլռեն» ,- նշեց Ն.Դիլբարյանը:
Նրա դիտարկմամբ՝ նախկին համակարգում ապօրինի գերշահույթ ստացած գործարարները վերստին մնում են այն կարծիքին, որ մրցույթը նախկինի պես է անցնելու, իրենք շահագրգռելու են, խոստումներ են տալու, և իրենց են հնարավորություն ընձեռելու ներկրել և կանոններ թելադրել: «Այդ համակարգի ջարդման խնդիրն է դրված, և կառավարությունը պետք է վճռական լինի, բայց մտրակի հետ պետք է նաև կարկանդակ լինի. նոր խաղի կանոններն ընդունող գործարարներին պետք է խրախուսել»,- նշեց հրապարակախոսը:
«Համակարգը դիմադրում է. մենք գործ ունենք միջին և ստորին օղակներում կադրային ջարդի բացակայության հետ: Բայց դա չի նշանակում, որ եթե հին համակարգի աշխատողներ են, ուրեմն ամեն ինչ վատ է… Հայաստանում, իհարկե, եղել են մենաշնորհներ և հովանավորչություն, այսօր հայտարարվում է, որ չկա. համոզված եմ, որ պետական մակարդակով՝ դա չկա: Խնդիրն այն է, որ այն մարդիկ, ովքեր ունեցել են հովանավորչություն, արդեն զբաղեցրել են շուկան և քանի որ նախկինում մենաշնորհ ունեցած տնտեսվարողը լայն ցանց է ստեղծել, նոր տնտեսվարողի համար, թեկուզև թույլատրելի է, բայց դժվար է հայտնվել շուկայում»,- նշեց Ա. Մարգարյանը՝ ընդգծելով նաև, որ գործարարներն արդեն սկսում են խաղալ ազատ շուկայի կանոններով և չունեն կոմպոնենտ քաղաքական իշխանության մեջ:
Մանրամասն՝ տեսանյութում:









































