Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վկայի կարգավիճակում մասնակցել է «Ելք» դաշինքի՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին վստահված անձանցից Հայկ Սարգսյանի ու Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով դատավարությանը: Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես վկա։ Նա նիստին մասնակցել է բավական երկար՝ երկու ժամից ավելի՝ մանրամասն պատասխանելով դատավարության կողմերի բոլոր հարցերին։ Առանձին հայացքից արտառոց ոչինչ չպարունակող այս տեղեկատվությունը իրականում սկանդալային, սենսացիոն կարելի է համարել հայկական իրականության համար։ Առաջին անգամ երկրի առաջին դեմքը մասնակցում է, ըստ էության, մի միջադեպի գործով դատավարությանը, որը ո՛չ մեծ քաղաքական հնչեղություն ունի, ո՛չ էլ ուղղակի կապ իշխանության հետ։ Հայաստանում նախկինում նման նախադեպեր չեն եղել։ Եվ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով այդ դատական նիստին, իրականում մասնակցել է որպես քաղաքացի, որպես օրինապահ քաղաքացի և ոչ որպես վարչապետ։ Եվ հենց սա է տեղի ունեցածի աննախադեպությունը, երբ վարչապետը հանդես է գալիս որպես օրինապահ քաղաքացի, հանդես է գալիս ոչ միայն ձևով՝ տեսախցիկների առաջ, այլ նաև բովանդակությամբ՝ դատարանի դահլիճում։
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման շուրջ մեկ տարվա ընթացքում կարողացել է այսպես ասած՝ բազմաթիվ պատեր ու կաղապարներ կոտրել։ Դրա օրինակներից մեկը անցած շաբաթ խորհրդարանում կառավարության գործունեության ծրագրի հաշվետվության քննարկումներն էին, որոնք տևեցին բավական երկար և որոնց ամբողջությամբ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը։ Ոչ փոխվարչապետներից մեկը, ինչպես կլիներ նախկինում, այլ Նիկոլ Փաշինյանը։
Սա ևս նոր քաղաքական մշակույթի արտահայտություն է, որպիսին հին Հայաստանում, բնականաբար, գոյություն չուներ։
Նիկոլ Փաշինյանը՝ իր պաշտոնավարման բոլոր թերություններով, վիճահարույց կողմերով հանդերձ, կարողանում է հնարավորինս չկտրվել հասարակությունից ու լինել հասարակության համար այնքան հասանելի, որքան թույլ է տալիս նրա զբաղեցրած պաշտոնը։ Սա չափազանց դրական հատկանիշ է գործող վարչապետի համար և թերևս նաև սրանով է պայմանավորված նրա բարձր վարկանիշը հասարակության շրջանում։ Որքան էլ ընդդիմախոսները, նրա դեմ ուղղված հակաքարոզչությունը ջանքեր ու ռեսուրսներ են ծախսում Նիկոլ Փաշինյանի կերպարի սևացման վրա, միևնույն է, քաղաքացիների մեծ մասի համար նա շարունակում է մնալ իրենց վարչապետը, մարդիկ իսկապես հավատում են նրան։ Այս իրավիճակը առավելապես պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի անձնային, անհատական որակներով։ Նույնը չի կարելի ասել, սակայն, նրա ղեկավարած իշխանության պարագային։ Որքան Նիկոլ Փաշինյանը մոտ է հասարակությանը, դրա հակադարձ համեմատական կարգով նրա իշխանությունը անհաղորդ ու կտրված է հասարակությունից։ Այսինքն՝ կա խզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման անձնային ու համակարգային որակների, մեթոդների միջև։ Նրա խնդիրը պետք է լինի իր անձնային մոդելով, օրինակով տրանսֆորմացնել պետական կառավարման համակարգը, հասարակությանը հասանելի լինելու սկզբունքը դնել ինստիտուցիոնալ, համակարգային հիմքերի վրա։
Այլապես ժամանակն ու երկրում առկա խնդիրները կմաշեն, կզրոյացնեն այն հսկայական կապիտալը, որը Նիկոլ Փաշինյանը կուտակել է իր անձնային որակների շնորհիվ։
Հայաստանի իշխանությունը, պետական կառավարման համակարգն ամբողջությամբ պետք է սինքրոնիզացվեն, համապատասխանեցվեն այն նշաձողերին, որոնք Նիկոլ Փաշինյանը սահմանում է որպես վարչապետ։ Այլապես՝ վարչապետի ու պետական կառավարման համակարգի միջև տարածության մեծացման պարագայում իշխանությունը կարող հայտնվել ճգնաժամերի մեջ՝ ինչպես հենց իշխանության, այնպես էլ պետության համար բացասական հետևանքներով։









































