ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել:
Հայտարարությունում նշված է, որ հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություններ է ստեղծել երկու ղեկավարների համար՝ պարզաբանելու իրենց դիրքորոշումները: Նրանք տեսակետներ են փոխանակել կարգավորման գործընթացի մի շարք առանցքային խնդիրների և գաղափարների բովանդակության մասին:
Երկու առաջնորդներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ու բանակցային գործընթացքում որոշակի ու շոշափելի քայլեր ձեռնարկելու կարևորությունը հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար:
Հիշատակելով Դուշանբեում իրենց զրույցը՝ երկու առաջնորդները հանձնառություն են հայտնել ամրապնդելու հրադադարը և բարելավելու ուղիղ հաղորդակցության մեխանիզմը: Նրանք նաև համաձայնվել են մի շարք մարդասիրական միջոցառումներ իրականացնել:
Վարչապետն ու Նախագահը հանձնարարել են իրենց նախարարներին մոտ ապագայում հանդիպել համանախագահներին: Նրանք նաև համաձայնվել են շարունակել ուղիղ երկխոսությունը: