Վերաքննիչ քրեական դատարանում Ռ. Բարսեղյան, Մ. Պետրոսյան, Մ. Պապոյան կազմով կայացվեց աննախադեպ որոշում՝«Ալավերդցի Վահագի» նկատմամբ սպանության փորձի համար մեղադրվող Վարդան Անտոնյանի գործով:
Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:
Մեղսագրված արարքի կատարման պահին Վարդան Անտոնյանը 33 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքում սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
Դեպքը կատարվել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին:
Վարդան Անտոնյանը հայտնաբերվել ու ձերբակալվել է 2016 թվականի հունվարի14-ին:
Ըստ մեղադրանքի՝ նա շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինի ձեռք բերված հրազենից՝ ինքնաձիգից կրակոցներ արձակելով՝ փորձել էր սպանել քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագին»: Սակայն իր հանցավոր մտադրությունը Վարդան Անտոնյանը, ըստ մեղադրանքի, ավարտին չէր հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ մեքենան, որի վրա կրակել էր, զրահապատ էր եղել, և, որ ամենակարևորն է՝ «Ալավերդցի Վահագը» այդ մեքենայի մեջ չէր եղել…
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ի երեկոյան Վարդան Անտոնյանն իր ծանոթ Արմեն Հ.-ի հետ, վերջինիս «Մերսեդես» մեքենայով շրջել է Ալավերդի քաղաքում: Թումանյան փողոցում նա տեսել է «Ալավերդցի Վահագի» «Համերը» ու դրա հետևից ընթացող «Նիսանը»՝ «Ալավերդցի Վահագի» ընկեր Արթուր Մնացականյանին պատկանող:
Վարդան Անտոնյանը, ըստ մեղադրանքի, տվյալ պահին Արմեն Հ.-ից թաքցրել է «Ալավերդցի Վահագին» սպանելու իր մտադրությունը, բայց խնդրել է, որ նա մեքենան վարի հիշյալ մեքենաների հետևից:
Նույն օրը, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում շրջանցելով վերը հիշատակված մեքենաները ու հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող՝ Ախթալա քաղաք տանող կամրջին, Վարդան Անտոնյանի խնդրանքով Արմեն Հ.-ն մեքենան կայանել է կամրջի վերջնամասում:
Որոշ ժամանակ անց Անտոնյանը տեսել է կամրջի վրայով ընթացող «Համերն» ու «Նիսանը»: Նա մեքենայից վերցրել է քննությամբ չպարզված ինքնաձիգը և «քննությամբ չպարզված շարժառիթով» «Ալավերդցի Վահագին» կյանքից զրկելու դիտավորությամբ, մութ լինելու և մեքենաների ապակիները մգացված լինելու պատճառով չիմանալով, որ «Ալավերդցի Վահագի» փոխարեն մեքենայում է նրա ընկեր Էդուարդ Պողոսյանը, չիմանալով, թե երկու մեքենաների մեջ քանի մարդ կա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել կամրջի վրա գտնվող «Համերի» ու անմիջապես նրա հետևից ընթացող «Նիսանի» ուղղությամբ:
Ըստ մեղադրանքի՝ Վարդան Անտոնյանը իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված: Արձակված կրակոցները չեն դիպել որևէ մեկին, մասնավորապես՝ մեքենաներում գտնվող Էդուարդ Պողոսյանին ու Արթուր Մնացականյանին, այլ դիպել են «Համեր» մեքենայի տարբեր մասերին ու շրջակա ժայռերին:
Վարդան Անտոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքի համար: Նախաքննության ընթացքում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Արմեն Հ.-ի հետ առերես հարցաքննության ժամանակ, երբ Արմենը պնդել է իր ցուցմունքը, Վարդան Անտոնյանը հայտարարել է, թե Արմենը սուտ է ասում, դեպքի օրն ինքը եղել է տանը:
Դատարանում սպանության փորձի համար Վարդան Անտոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել «այն պարզ պատճառով», որ երբևէ որևէ մեկին սպանելու ցանկություն, նպատակ չի ունեցել, սպանելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել:
2015 թվականի հունիսին Ալավերդի քաղաքում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ, որից հետո քաղաքում մթնոլորտը լարվել է: Իր դիրքորոշման պատճառով այդ լարվածությունը հասել է նաև իրեն: Դա արտահայտվել է Ալավերդու բնակիչներ Էդուարդ Պողոսյանի ու Վարդան Ավագյանի կողմից իր ու իր մի քանի ընկերների նկատմամբ բացահայտ թշնամական վերաբերմունքով: Նրանք բացահայտ հետևում էին իրեն՝ վախեցնելու համար: Երևի հասկանալով, որ ինքը չի վախենում, նրանք մի անգամ երկուսով դարանակալել են իրենց շենքի մուտքում ու հարձակվել են իր վրա, հարվածներ են հասցրել իրեն, ինչ-որ առարկայով հարվածել են իր գլխին ու փախել են: Դրանից հետո չեն հանգստացել, ամեն պահի կարող էին հայտնվել ու ցույց տալ, որ հետևում են իրեն: Բանը հասել է անգամ իր ընտանիքի անդամներին ահաբեկելուն՝ Է. Պողոսյանը միտումնավոր՝ վախեցնելու նպատակով մեքենան վարել է իր ընտանիքի անդամների վրա:
Հասկանալով, որ այդ իրավիճակը լավ բանի չի հանգեցնի, ինքը որոշել է սաստել նրանց, վախեցնել, որ իրենից ու իր ընտանիքից հեռու մնան:
Հոկտեմբերի 11-ին նկատել է «Ալավերդցի Վահագի» զրահապատ «Համեր» մեքենան, որի ղեկին Է. Պողոսյանն էր:
Այդ օրը պատահաբար իրեն հանդիպած Արմեն Հ.-ին խնդրել է հետևել «Համերին»: «Ախթալա» չհասած՝ ինքը Արմենին խնդրել է անցնել «Համերին»: Կամուրջն անցնելուց հետո խնդրել է կանգ առնել:
Երբ «Համերը» հայտնվել է կամրջին, իսկ «Նիսանը» եղել է նրա հետևում, ինքը հասկանալով, որ «Նիսանը» չի վնասվի, դիմացից մի քանի անգամ կրակել է զրահապատ «Համերի» վրա: Այդ պահին «Համերից» բացի՝ ուրիշ մեքենաներ կամ մարդիկ կրակոցների ուղղությամբ չկային: «Նիսանը» զրահապատ «Համերի» հետևում էր, իսկ նրա հետևում ժայռեր էին՝ պարզ էր, որ ոչ մեկին վնասել չէր կարող:
Երբ սկսել է կրակել, «Համերի» վարորդի դուռը բացվել է: Ինքն անմիջապես կրակը դադարեցրել է, որ մեկնումեկին չվնասի: Երկու մեքենաների վարորդներն իջել են, նայել են շուրջը, նորից նստել են մեքենաներն ու շարժվել են:
Երբ Արմենի մեքենայով վերադառնում էին Ալավերդի, ինքը նկատել է, որ «Համերն» ու «Նիսանը» ճանապարհին կանգնած են, Է. Պողոսյանը կանգնած էր «Համերի» մոտ…
Վարդան Անտոնյանը պնդել է, թե ինքը որևէ մեկին սպանելու նպատակ կամ ցանկություն չի ունեցել, կրակել է զրահապատ մեքենայի վրա, որ Է. Պողոսյանը հասկանա ու դադարեցնի իր «գործելաոճը»:
Անտոնյանն ասել է՝ եթե ուզենար որևէ մեկին սպանել, հանգիստ կարող էր դա անել այն ժամանակ, երբ տվյալ մարդը զրահապատ մեքենայի մեջ չլիներ: Այն, որ «Համերը» զրահապատ էր, գիտեր ամբողջ Ալավերդի քաղաքը…
Գործով տուժող Արթուր Մնացականյանը հայտնել է, թե դեպքի օրը, ժամը 18 –ն անց 30-ի սահմաններում իր ընկերներ Է. Պողոսյանի ու Վահագն Աբգարյանի հետ Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող սրճարանում ֆուտբոլ է դիտել, հետո Վահագնին տարել է տուն, իսկ ինքն ու Պողոսյանը որոշել են գնալ Ճոճկան գյուղում գտնվող իրենց տուն: Ինքը վարել է «Նիսանը», իսկ Պողոսյանը՝ «Համերը»:
Երբ հասել են Ախթալայի կամրջին, իր առջևից ընթացող «Համերը» արգելակել է, ինքն էլ է արգելակել: Մի քանի րոպե անց Պողոսյանը դուրս է եկել մեքենայից ու ասել է, թե մեքենան անսարք է: Նշված տարածքից մի քիչ հեռանալուց հետո «Համերը» խափանվել է, ավտոքարշակ են կանչել ու մեքենան տեղափոխել են քարշակով: Ինքը կրակոցներ չի լսել, որևէ մեկին չի տեսել, իր մեքենայի մեջ բարձր երաժշտություն էր միացված…
Գործով տուժող «Ալավերդցի Վահագը» հայտնել է, թե Վարդան Անտոնյանի հետ վատ հարաբերությունների մեջ չի գտնվել, նրա հետ չի շփվել, չի կարծում, թե նա իրեն սպանելու նպատակ է ունեցել, չի էլ հավատում, թե նա կրակել է իր մեքենայի վրա: Իր «Համերը» զրահապատ է, դա ինքը գաղտնի չի պահել, բայց չգիտի՝ դրա մասին ովքեր գիտեին:
Նախաքննական ցուցմունքում «Ալավերդցի Վահագը» հայտնել է, թե ինքը ինտերնետային կայքերից է իմացել, որ Ախթալայի կամրջի վրա կրակոցներ են եղել՝ կրակել են իր «Համերի» վրա… Ինքը չգիտի՝ ով է եղել կրակողը, ում են ուղղված եղել կրակոցները…
Գործի դատական քննության ընթացքում Էդուարդ Պողոսյանը արդեն ողջ չէր: Նախաքննության ժամանակ նա տվել էր Արթուր Մնացականյանի ցուցմունքի նման ցուցմունք: Դատարանը նրանց ցուցմունքներն արժանահավատ չի համարել:
Դատարանը Վարդան Անտոնյանին մեղավոր էր ճանաչել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության փորձի ու ապօրինի հրազեն պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2 –րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
Վարդան Անտոնյանը վերջին հաշվով դատապարտվել էր 13 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը պետք է հաշվվեր 2016 թվականի հունվարի 14-ից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին բերել Վարդան Անտոնյանի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:
Ըստ պաշտպանների՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը թույլ էր տվել դատական սխալ, ինչը դատավճիռը բեկանելու հիմք է: Դատարանի հետևությունները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցների բովանդակությանը: Գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել, որ Վարդան Անտոնյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է սպանության փորձ, հակառակն է հիմնավորվել:
Վերաքննիչ բողոքով փաստաբաններ Լ. Սահակյանն ու Ե. Վարոսյանը պահանջում էին սպանության փորձի մասով իրենց պաշտպանյալ Վարդան Անտոնյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:
«Նիսան» մեքենայի զննության արձանագրության համաձայն՝ «Նիսանի» վրա որևէ վնասվածք չի հայտնաբերվել: Ըստ պաշտպանական կողմի՝ դա հաստատում է Վարդան Անտոնյանի ցուցմունքը՝ որ նա կրակել է «Համերի» վրա՝ հաստատ իմանալով, որ այն զրահապատ է և, որ նրա հետևում կանգնած «Նիսանը» կրակոցներից չի վնասվի…
Դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Համերի» վնասվածքները տեղակայված են եղել դիմացի՝ շարժիչի հատվածում: Այսինքն՝ կրակոցները չեն ուղղվել զրահապատ «Համերի» այնպիսի հատվածներին, որոնք կարող էին խոցելի լինել ու հնարավոր դարձնել գնդակների թափանցումը մեքենայի սրահ:
Կրակողի դիմաց գտնվող քարաժայռի վրա հայտնաբերվել են ութ կրակոցներից առաջացած վնասվածքներ ու գնդակների բեկորներ:
Պաշտպաններն ընդգծել են՝ կրակոցների ուղղությամբ չի եղել բնակելի տարածք, չեն եղել մարդիկ, ժայռ է եղել, այդ ուղղությամբ կրակոցներ արձակելը բացառում է շատերի կյանքի համար վտանգավորությունը:
Ըստ պաշտպանական կողմի՝ հիմնազուրկ է առաջադրված մեղադրանքի ծանրացումը՝ «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» որակյալ հատկանիշով: Ընդհանրապես, պաշտպանական կողմի պնդմամբ՝ Վարդան Անտոնյանը սպանության փորձ կատարելու համար մեղավոր էր ճանաչվել միայն ենթադրությունների հիման վրա…
Պաշտպանական կողմի դիրքրոշմամբ՝ Վարդան Անտոնյանը, ցանկանալով վախեցնել իրեն ու իր ընտանիքի անդամներին նեղություն տվող Է. Պողոսյանին ու տեսնելով, որ նա է «Ալավերդցի Վահագի» զրահապատ «Համերի» ղեկին, վերցրել է ինքնաձիգը, հետևել է «Համերին», դիրքավորվել է կամրջի վերջնամասում ու դիմահար կրակել է «Համերի» վրա այնպես, որ վնասի միայն զրահապատ մեքենայի առջևի՝ լույսերի մասը, որևէ մարդու վնասելու նպատակ նա չի ունեցել, կրակոցների մի մասն էլ արձակել է դիմացի քարաժայռի վրա: Արձակել է 20 կրակոց:
Մարդը իր ձևով է վախեցրել՝ նշել են պաշտպանները և տարակուսել՝ եթե Վարդան Անտոնյանը «Նիսանի» վարորդին էլ էր ուզում վնասել, կարող էր, ասենք, քարով խփել նրա գլխին, ինչո՞ւ էր սպասում, որ «Նիսանը» կանգնի զրահապատ «Համերի» հետևում, որպեսզի «շատերի կյանքի համար վտանգավոր» կրակոցներ արձակի… Նույնիսկ վկա Արմեն Հ.-ն, ով Վարդան Անտոնյանի դեմ է ցուցմունք տվել, նշել է՝ եթե Վարդանը շատ էլ ուզենար, չէր կարող վնասել «Նիսանի» վարորդին, քանի որ «Նիսանը» «Համերի» հետևում էր կանգնած…
Ըստ պաշտպանական կողմի՝ Վարդան Անտոնյանին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի մեղադրանք առաջադրելն ու այդ մեղադրանքում նրա մեղավորությունը հաստատող դատավճիռ կայացնելը, ակնհայտ խիստ պատիժ նշանակելը արդյունք էին նրա նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի:
Վարդան Անտոնյանը վերաքննիչ դատարանում միանալով իր պաշտպաններին, ասել է. «Ոչ մի սպանության փորձ էլ չի եղել…»:
Գործով մեղադրող դատախազը, առարկելով բերված բողոքի դեմ, այն գնահատել է որպես անհիմն, մերժման ենթակա, իսկ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը՝ «ավելի քան հիմնավոր»:
Միաժամանակ մեղադրողը ներկայացրել է, որ 2015 թվականին Ալավերդիում քաղաքապետի ընտրությունների ժամանակ երկու խմբավորում էր առաջացել: Այդ խմբավորումների միջև առճակատման արդյունքում հետագա ժամանակահատվածում եղել են և՛ մահափորձեր, և՛ սպանություններ:
Կյանքից զրկվել է նաև այս գործով անցնող Է. Պողոսյանը, «Ալավերդցի Վահագը» մեկ այլ մահափորձի արդյունքում ծանր վնասվածք է ստացել, ապա և մեղադրյալի կարգավիճակ է ստացել հանցավոր համագործակցություն ստեղծելու մեղադրանքով: Ըստ մեղադրողի՝ Վարդան Անտոնյանի կատարածը հենց Ալավերդցի Վահագի կյանքի դեմ էր ուղղված, ու առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավոր դատական ակտ:
Մեղադրողի կարծիքով՝ միայն վախեցնելու համար կրակողը ինքնաձիգով 20 հատ մենահատ կրակոց չէր արձակի մեքենային դիմահար կամ՝ դիմացի քարաժայռին ուղղված…
Վերաքննիչ դատարանի դատավորները մեղադրողին հիշեցրել են, որ ըստ մեղադրանքի՝ «քննությամբ չպարզված շարժառիթով» է Վարդան Անտոնյանը ցանկացել սպանել «Ալավերդցի Վահագին», իսկ մեղադրողը կոնկրետ երկու խմբավորումների առճակատման մասին խոսելով՝ հենց շարժառիթի մասին էր խոսում, այսինքն՝ մեղադրողն իր առարկությունները ներկայացնելով՝ առաջադրված մեղադրանքի ծավալից դուրս էր գալիս…
Փաստաբան Լուսինե Սահակյանը, մեղադրողի ներկայացրած առարկությունների դեմ խոսելով՝ նշել է. «Ուզենար սպանել, կգնար կսպաներ, պիտի զրահապատ մեքենայի վրա՞ կրակեր, այն մեքենայի վրա, որի մեջ «Ալավերդցի Վահագը» չկա՞ր…»:
Կողմերը դատաքննությունը լրացնելու համար միջնորդություններ չներկայացրին:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Քիչ անց հրապարակվեց աննախադեպ որոշում. վերաքննիչ քրեական դատարանը Ռ. Բարսեղյան, Մ. Պետրոսյան, Մ. Պապոյան կազմով, որոշեց՝ պաշտպանների վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը փոփոխվեց: Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, վերաորակվեց՝ որպես սպանության սպառնալիք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Այդ մասով քրեական գործի վարույթը կարճվեց, Վարդան Անտոնյանի քրեական հետապնդումը դադարեցվեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, Վարդան Անտոնյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման, այս պատժի մեջ հաշվակցվեց նրա՝ անազատության մեջ գտնված ժամանակը:
Վարդան Անտոնյանն անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դահլիճում:
Առանձնապես ծանր հանցանքի համար մեղադրված ու 13 տարի ազատազրկման դատապարտված անձն ազատ արձակվեց՝ ծանր մեղադրանքը հիմնավորված չլինելու, կատարված արարքին սխալ քրեաիրավական գնահատական տալու և դատական սխալ թույլ տալու հիմքով… Որպեսզի անձը մեղավոր ճանաչվի սպանության փորձի համար, պիտի աներկբա ապացուցված լինի սպանելու՝ նրա ուղղակի դիտավորությունը, որը չի իրականացվել նրա կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված…
Վարդան Անտոնյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը՝ մինչև դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Արդեն ազատ արձակված ու երջանկությունից իր տեղը չգտնող Վարդան Անտոնյանը հենց դատարանի դահլիճում տվեց իր ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նրան մնում էր որպես ազատ քաղաքացի՝ հասնել Ալավերդի…






































