5 օր շարունակ Քասախի կենտրոնում հացադուլ իրականացնող գյուղի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը դադարեցրել է հացադուլը և պայքարը շարունակելու է առանց հացադուլի։
Արթուր Մարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հացադուլը դադարեցրել է իր ընկերների, հրամանատարի հորդորով։
Հիշեցնենք, որ Մարդանյանը պահանջում է համայնքի 28 տարվա ղեկավարի հրաժարականը։ Նրա պնդմամբ՝ գյուղապետը տարիներ շարունակ չարաշահումներ է թույլ տվել, խախտումներ, յուրացումներ է կատարել, բայց երբեք չի հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ «Բայց եկել է ժամանակը, որ նա պետք է պատասխան տա»,- ասաց Մարդանյանը։
Նա նշեց, որ այսօր երեկոյան հավաքվելու են և որոշելու են իրենց պայքարի հետագա մարտավարությունը. «Հացադուլի դադարեցումը չի նշանակում, որ պայքարն ավարտվել է, իսկ մեր պահանջները՝ վերանայվել։ Մեր պայքարը լինելու է և շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև համայնքապետը հրաժարական տա։ Թող հրաժարական տա, նոր ընտրություններ լինեն, ու թող նա նորից առաջադրվի, ու եթե կընտրվի, կստանա քասախցիների վստահության քվեն, թող աշխատի։ Բայց զոռբայության ժամանակներն անցել են։ Զոռբայությամբ քվե ստացողների ժամանակն անցել է, ու եթե նա կկարողանա առանց զոռբայության քվե ստանալ, ապա թող ստանա ու աշխատի։ Մեր պայմանը դա է»,- եզրափակեց Արթուր Մարդանյանը։
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը Մարդանյանի դիմումին ընթացք է տվել, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով և 308-րդ հոդվածի առաջին մասով, այսինքն՝ յուրացման կամ վատնման միջոցով հափշտակության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։
Համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը չի ընդունում իրեն հասցեագրվող մեղադրանքները և հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ միայն նրա համար, որ ՀՀԿ-ական է։





































