Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ և հաղորդակցական գծով տնօրեն Բիլ Շայնը հրաժարական է տվել։ Այս մասին հաղորդում է New York Post-ը։
Մինչև Սպիտակ տանը հայտնվելը Շայնը գլխավորել է Fox News-ը, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում նա հայտնվել է անցած տարվա ամռանը։
Սպիտակ տունը նախագահի և մյուս պաշտոնատար անձանց անունից հայտարարություն է տարածել՝ գովաբանելով Շայնի աշխատանքը։
«Բիլ Շայնն աչքի ընկնող գործեր է արել՝ ինձ մոտ և իմ վարչակազմում աշխատելով։ Մենք կկարոտենք նրան Սպիտակ տանը, բայց անհամբերությամբ կսապսենք նաև 2020-ի նախագահական քարոզարշավի շրջանակում նրա հետ համատեղ աշխատանքին, որում նա կներգրավվի։ Շնորհակալություն Բիլին և նրա հիանալի ընտանիքին»,-նշել է Դոնալդ Թրամփն իր հայտարարության մեջ։
Շայնը Սպիտակ տան հաղորդակցական գծով արդեն վեցերորդ տնօրենն է նախագահ Թրամփի օրոք։










































