ԱԺ-ում ընթանում է 7-րդ նստաշրջանը: Այսօր խորհրդարանը միաձայն ընդունել է «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկում է հետաձգել օրենքի գործողության ժամկետը՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2019 թվականի մարտի 1-ը: Այս փոփոխությունը հնարավորություն կտա 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված վճարը և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական պատասխանատվությունից: Յուրաքանչյուր զորակոչի համար սահմանված գումարը 200 հազար դրամ է։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ առաջարկվում է ժամանակավոր լուծում, Գ. Գորգիսյանը նշեց. «2003թ-ից սկսած, երբ այս օրենքն ընդունվեց, ժամանակավոր լուծում է տրվում, հետո նորից օրենքի փոփոխություն էր արվում, որպեսզի 27 տարին լրացած անձինք, ովքեր այլևս զինապարտ չեն, կարողանան վերադառնալ հայրենիք: 10 940 հետախուզման մեջ գտնվող կա՝ որպես զինծառայությունից խուսափած անձ: Մինչև 2017թ դեկտեմբերի մեկը 27 տարին լրացած 1200 քաղաքացի է վերադարձել: 2018թ-ին 27 տարին լրացած քաղաքացիները չէին կարողանում վերադառնալ: Օրենքի այս փոփոխության անհրաժեշտությունը կար, բայց լուծումը ժամանակավոր է, պետք է գլոբալ լուծում գտնել»:
«Շատ խոսվեց խնդրի գլոբալ լուծման մասին, վստահ չեմ, որ որևէ ունիվերսալ լուծում որևէ մեկի գլխում կա, որովհետև խնդիրը բավականին բարդ է,- նշեց Էդգար Առաքելյանը:- Մի կողմից պետք է թույլ տալ այդ մարդկանց վերադառնալ, բայց եթե տասնամյակներ շարունակ անընդհատ երկարաձգենք այս օրենքի գործողության ժամկետը, դրանով ուղերձ ենք հղում երիտասարդ քաղաքացիներին, որ կարելի է Հայաստանից առժամանակ հեռանալ, 27 տարին լրանալուն պես վերադառնալ, մուծումներ անել և ազատվել քրեական հետապնդումից: Փաստորեն անհավասար պայմաններ են ստեղծվում… Դեռևս հում գաղափարներ են հնչում, այս խնդրի լուծման համար հանրային երկարատև քննարկումներ պետք է լինեն»:
Սերգեյ Բագրատյանն ընդգծեց, որ շարունակվում է պրոցեսը, և կան մարդիկ, որոնք իներցիայով Հայաստանից հեռանում են այն պատճառով, որ չեն ուզում իրենց զավակը ծառայի. «Պետք է սրա պատճառը վերացնել, ոչ թի միայն հետևանքով զբաղվել: Բանակի նկատմամբ վստահությունը պետք է վերականգնենք»:
Արձագանքելով հարցին, թե այս օրինագծի ընդունման նպատակը երիտասարդներին հայրենիք վերադարձնելն է, թե նյութական շահագրգռվածությունը՝ Գ. Գորգիսյանը նշեց. «Երկուսն էլ… Անթույլատրելի է բոլորին համարել դասալիք: Հեղափոխությունից հետո ոգևորության նոր ալիք է առաջացել, ուզում են վերադառնալ հայրենիք, նրանց պետք է հնարավորություն տալ»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































