Ավստրիայում ուժի մեջ է մտել թուրքական աջ ծայրահեղական «գորշ գայլեր» կազմակերպության ողջույնի ժեստն արգելող օրենքը, հաղորդում է AZE.az-ը:
2018թ.-ի դեկտեմբերին Ավստրիայի խորհրդարանը լրացրել է «ծայրահեղական կազմակերպությունների» խորհրդանիշներն արգելող օրենքը՝ երկրում «ահաբեկչության քարոզչությունն» արգելափակելու նպատակով:
Հանրային վայրերում օրենքը խախտող անձանց նկատմամբ կարող է սահմանվել մինչև 4000 եվրո տուգանք կամ մեկ ամսվա ազատազրկում: Կրկնակի խախտման դեպքում օրենքը նախատեսում է մինչև 10 հազար եվրո տուգանք կամ 6 շաբաթվա ազատազրկում, գրում է Anadolu-ն:
Թուրքիան դատապարտել է թուրքական աջ ծայրահեղական ազգայնական կուսակցության կողմից օգտագործվող ժեստն արգելելու Ավստրիայի որոշումը:
«Սկանդալային է, որ «գորշ գայլերի» ողջույնը, որը Թուրքիայում գործող օրինական քաղաքական կուսակցության խորհրդանիշն է, «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» այրունարբու ահաբեկչական կազմակերության խորհրդանիշի հետ նույն ցուցակում է հայտնվել»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Գերատեսչությունն Ավստրիային կոչ է արել «շտկել այդ սխալը», նշելով, որ «դա խորապես վիրավորում է Թուրքիայի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունները»:









































