ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Լրագրողների հետ զրույցում Օհանյանը նշեց, որ Եռաբլուրում գտնվելով՝ ինքը նաև հարգանքի տուրք է մատուցում այստեղ ամփոփված մյուս ազատամարտիկների հիշատակին:
«Մենք գտնվում ենք այնպիսի մի սուրբ վայրում, որտեղ հանգչում է մեր սպարապետը, և իր շուրջն է հավաքել այն մեծ զորախումբը, որը համախմբվել ու կերտել է հայ ժողովրդի նորօրյա պատմությունը: Կարծում եմ, որ մենք Եռաբլուրում լինելով՝ հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն Վազգեն Սարգսյանին, այլ նաև մեր բոլոր ազատամարտիկներին, որոնք հերոսացել և իրենց կյանքն են տվել հայ ժողովրդի և Արցախի խաղաղ արարման համար»,- նշեց Օհանյանը:
Պաշտպանության նախկին նախարարը Վազգեն Սարգսյանի լավագույն հատկանիշներից մեկը համարեց ցանկացած միջավայրում բոլորին համախմբելու ու տրամադրություն ստեղծելու կարողությունը:
«Կարծում եմ, որ մենք Վազգեն Սարգսյանի կերպարի մեջ պետք է տեսնենք պետական-քաղաքական գործչի, լավագույն ընկերոջ և զինվորականի: Նրա ամենալավ հատկանիշներից մեկն այն էր, որ այնտեղ, որտեղ ինքը կար, միանգամից համախմբում էր բոլորին, տրամադրություն, մթնոլորտ էր ստեղծում, և ուղղորդում մեծ աշխատանքի, ծառայության, առաքելության, հերոսությունների»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Մարտի 5-ին լրանում է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը:







































