ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Մինչ ցուցանիշներին անցնելը՝ նշենք, որ, որպես կանոն, այս ցուցանիշները հրապարակվում էին ամեն հաջորդ ամսվա 21-ին: Սակայն վերջին ամիսներին, չնայած այն հանգամանքին, որ ԱՎԿ-ում որևէ էական փոփոխություն չի եղել (ինչը նույնպես որևէ կերպ չպետք է ազդեր ցուցանիշների հրապարակման ժամկետների խախտումների վրա), այդուհանդերձ թե՛ 2018թ. տարվա ամփոփ ցուցանիշները, թե՛ հունվար ամսվա ցուցանիշները հրապարակվում են ընդունված ժամկետներից էական շեղումներով, ինչը մասնագետների շրջանում դժգոհությունների տեղիք է տալիս, իսկ շատերի մեջ էլ լուրջ կասկածներ է առաջացնում ոչ դրական առումներով: Հրապարակման ժամկետների հետ կապված նշենք, որ Չինաստանի նման գերհզոր տնտեսություն ունեցող երկիրը սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ տվյալները հրապարակում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա 15-16-ին: Մեր դեպքում կարծես հրապարակման ամսաթիվը դարձել է լողացող: Ինչևէ:
2019թ. հունվար ամսին նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցի նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության աճի 6.1%-անոց ցուցանիշ: Որպեսզի համեմատության մեջ հասկանալի լինի տնտեսական աճի վիճակը, նշենք, որ 2018թ.-ի հունվարին նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցի նկատմամբ տնտեսական աճի ցուցանիշը կազմել էր 11.6%: Անցած տարվա դեկտեմբերի նկատմամբ տնտեսական աիտիվության ցուցանիշը կազմել է 53.1%: Արդյունաբերական արտադրանքի ծավալների դեպքում վերջին տարիներին առաջին անգամ հունվարին չնայած չնչին, այդուհանդերձ անկում է գրանցվել՝ 99.6%: Իսկ նախորդ ամսվա՝ դեկտեմբերի նկատմամբ անկումը կազմել է գրեթե 29%:
Ցավոք, գյուղատնտեսությանը վերաբերող թվերը չեն հրապարակվել: 2018թ.-ի հունվարին նախորդ տարվա նկատմամբ այս ոլորտում 0.4%-անոց անկում էր: Ավելի քան 22%-անոց աճ է արձանագրվել շինարարության ոլորտում: Սա արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
Առևտրաշրջանառությունը նախորդ տարվա հունվարի նկատմամբ ընթացիկ գներով աճել է մոտ 20%-ով, բայցև գրեթե կեսն է եղել 2018թ. դեկտեմբերի առևտրաշրջանառության: Ծառայությունների ոլորտում ևս արձանագրվել է երկնիշ աճ՝ 15.6%:
Աննախադեպ՝ ավելի քան 26%-անոց անկում է գրանցվել տնտեսության արյունատար անոթները հանդիսացող էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Այս ոլորտում դեկտեմբեր ամսվա նկատմամբ էլ շուրջ 9%-անոց անկում է, ինչից հետևում է, որ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կայուն նվազում է ընթանում: Միջին ամսական անվանական աշխատավարձերը բարձրացել են ավելի քան 4%-ով: Ընդ որում, պետական հատվածում աշխատավարձերը աճել են ամբողջ 6.5%-ով, մասնավորում՝ 1.8%-ով: Սա բավականին հետաքրքիր ցուցանիշ է այն առումով, որ մինչև բոլորովին վերջերս մասնավոր հատվածում էր աշխատավարձն առավել առաջանցիկ տեմպերով բարձրանում, մինչդեռ հիմա հակառակ երևույթն է դրսևորվում: Այստեղ մի հետաքրքիր դիտարկում ևս. դեկտեմբերի նկատմամբ հունվար ամսին պետական հատվածում աշխատավարձերը նվազել են ավելի քան 26%-ով: Հասկանալիորեն դա պայմանավորված է դեկտեմբերյան այդքան քննարկված պարգևավճարներով:
Ոգևորող չէ վիճակը նաև արտաքին առևտրաշրջանառությունում: Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ անկումը կազմել է 7.6%: Ընդ որում, արտահանման անկումը՝ գրեթե 16%: Դեկտեմբերի նկատմամբ արտահանումը հունվարին նվազել է ավելի քան 30%-ով: Ներմուծումը ևս ավելի քան 3%-անոց անկում է արձանագրել նախորդ հունվարի նկատմամբ և 28-29%-ով՝ դեկտեմբերի նկատմամբ:
Բնականաբար տնտեսության բոլոր ճյուղերն էլ կարևոր են, առաջնային, բայց տարին սկսում ենք անկում ունենալով տնտեսության ողնաշարը հանդիսացող արդյունաբերության ոլորտում (թեկուզև ոչ մեծ), տնտեսության զարգացումը պայմանավորող էլեկտրաէներգիայի արտադրությունում (շեշտակի անկում), տնտեսության ռեալ պատկերը տվող արտաքին առևտրաշրջանառությունում (էական անկում): Իսկ Հայաստանի տնտեսության ամենամեծ ծավալներն ապահովող գյուղատնտեսության թվերը անհասկանալիորեն չկան:
Ցավոք, տարեսկզբի ու հեղափոխական թռիչքի համար տնտեսության այս փուլը բնութագրող թվերն այնքան էլ ոգևորող չեն՝ հատկապես, եթե ելնում ենք այն հանգամանքից, որ այս թվերն արդեն բնութագրում են այս կառավարության գործունեությունը, և տնտեսագիտության մեջ ընդունված նախկին կառավարության գործունեության 6-9 ամսվա իներցիոն ժամկետն ավարտված է:









































