«Հայաստանում տնտեսական հեղափոխության մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեթոդից»- այսօր «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում, հետևյալն է՝ կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունը և ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես նրա հասանելիության տիրույթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Արդեն տեղի ունեցած թավշյա հեղափոխության և նպատակադրված տնտեսական հեղափոխության միջև Նիկոլ Փաշինյանի համեմատություններն ու զուգահեռները,, իհարկե գեղեցիկ են հնչում, ականջահաճո են որպես ելույթի տեքստ։ Իրականության մեջ սակայն թավշյա հեղափոխության և տնտեսական հեղափոխության միջև, բնականաբար, կա մեթոդական-մեթոդաբանական տարբերություն։ Նիկոլ Փաշինյանը մասամբ իրավացի է այն առումով, որ երկու դեպքում էլ հեղափոխությունն իրականացնողը մարդն է, քաղաքացին։ Սակայն եթե քաղաքական հեղափոխության դեպքում ամեն ինչ առավելապես ընկած էր մարդու, քաղաքացու ուսերին, ապա տնտեսական հեղափոխության դեպքում անելիքների մեծ մասը պատկանում է պետությանն ու իշխանությանը։ Մինչդեռ քաղաքական հեղափոխության դեպքում պետությունն ու այն ժամանակվա իշխանությունը անելիքներ չունեին, կամ դրանք պասիվ-կրավորական քայլեր էին։
Մյուս կողմից, ամբողջությամբ տեղին չէ թավշյա հեղափոխությունը ներկայացնել որպես արդեն իսկ կայացած քաղաքական հրաշք՝ այդ բառի համակարգային, ինստիտուցիոնալ իմաստներով։ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի է ունեցել իշխանության փոփոխություն։ Այնքանով, որքանով որ հեռացել է երկու տասնամյակ գործող ապօրինի, քրեաօլիգարխիկ իշխանությունը, տեղի ունեցածն իսկապես հրաշալի էր, սակայն ոչ հրաշք։
Որովհետև կատարվածը քաղաքական հրաշք կամ քաղաքական հեղափոխություն անվանելու համար անհրաժեշտ էր ու որպեսզի քաղաքական համակարգերում ևս տեղի ունենան հեղափոխություն, բարեփոխումներ կամ արմատական փոփոխություններ։ Խոսքը քաղաքական համակարգում իրական գործող հակակշիռների մեխանիզմի, որոշումների կայացման գործընթացում այդ մեխանիզմների կիրառումն ապահովող համակարգային փոփոխությունների մասին է։ Նման փոփոխություններ Հայաստանում տեղի չեն ունեցել։ Մենք ապրում ենք նախկին իշխանության ճաշակաով ու նրա համար ընդունված սահմանադրությամբ, այդ սահմանադրությամբ ու հարակից բազմաթիվ օրենքներով վարչաապետին տրված գերլիազորությունների՝ սուպերվարչապետության պյամաններում։
Զուգահեռաբար, չնայած խորհրդարանի դերի բարձրացման մասին հնչող հայտարարություններին ու խոստումներին, մենք գործնական կյանքում տեսնում ենք խորհրդարանի դերի նսեմացում, խորհրդարանում հնչող քննադատության ու այլակարծության գրեթե տոտալ անտեսում և որոշումների կայացման գրեթե միանձնյա մեխանիզմ՝ վարչապետի դոմինանտությամբ։ Այսինքն՝ թավշյա հեղափոխությամբ փոխվել են իշխանությունները, սակայն տակավին նույնն են մնացել քաղաքականության իրականցման, վարման գործիքներն ու համակարգերը։ Որոշումների կայացումը կրկին տեղի է ունենում գերկենտորնացված համամակարգում, ամեն ինչում վերջին խոսքը պատկանում է գործադիր իշխանության ղեկավարին, ում տոտալ վերահսկուղության տակ գտնվող խորհրդարանը դակում է ցանկացած նախագիծ։
Այս պայմաններում Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շարունակում են մնալ վարչապետի միանձնյա վերահսկողության տիրությում, շարունակում են գործել՝ հաշվետու չլինելով խորհրդարանին։ Այս՝ նախկին համակարգից ժառանգություն ստացած ու պահպանվող վիճակն է Նիկոլ Փաշինյանը համարում քաղաքական հրաշք։
Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, ապա բազմաթիվ տեսություններով, գիտականորեն ապացուցված է, որ մինչև տեղի չունենան համակարգային փոփոխություններ քաղաքական համակարգերում, պետք չէ փոփոխություններ ակնկալել տնտեսության մեջ։
Այնպես որ, տնտեսական հեղափոխության իրականացման համար Նիկոլ Փաշինյանը նախ ինքը պետք է կատարի իր քայլը՝ նախաձեռնելով իրական փոփոխություններ քաղաքական համակարգում։ Դա կլինի Նիկոլ Փաշինյանի գուցե հերթական, գուցե ավելի արմատական հեղափոխությունը, որով նա կազատվի թավշյա հեղափոխությամբ փոխված իշխանության համակարգային ժառանգությունից։









































