ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում ռուսական կողմից նկատել է հայկական վարորդական իրավունքը ՌԴ-ում ճանաչելու համար պատրաստակամություն:
Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում հրավիրված ասուլիսում:
«Կալաշնիկովը հնչեցրեց այդ հարցը: Նախնական պայմանավորվածություն կա, որ չեղյալ համարեն այս սահմանափակումը ԵԱՏՄ երկրների շրջանակում: Պետք է պարզ քայլելով հասնենք վարորդական իրավունքի սահմանափակման վերացմանը»,- ասաց Մելքումյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ պայմանագրով աշխատող ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում, իսկ հայ զբոսաշրջիկներինը ճանաչվում է: «Ուզում ենք հասնել նրան, որ չեղյալ համարեն այդ սահմանափակումը, հայկական վարորդական իրավունքը նորից ուժի մեջ լինի Ռուսաստանում: Օրենսդրական փոփոխությունը պետք է կատարվի ՌԴ-ում: Ռուսաստանում քաղաքական մակարդակով որոշում կա այս սահմանափակումը չեղյալ համարելու»,-նշեց պատգամավորը:









































