ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել՝ գնահատելով Կառավարության ծրագիրը, նաև մատնանշել է առաջիկա տարիների համար մի քանի կարևոր անելիքներ: ՀԱԿ-ն առաջարկել է մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե և վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ՀԱԿ-ի առաջարկը հետադիմակա՞ն է, թե՞ Հայաստանի համար օրակարգային հարց է՝ քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ընդգծեց. «…Հարց է, թե փոփոխությունները երբ կարելի է անել ու ինչպես, և կարևոր է՝ Սահմանադրության խմբագրակա՞ն, թե՞ արմատական փոփոխություն պետք է կատարել, սակայն ներկա պահին սահմանադրական ճգնաժամ չկա, և Սահմանադրության հարցը հրատապ չէ»:
Վ. Խաչատրյանի դիտարկմամբ՝ Սահմանադրության փոփոխության համար հիմա չկա համաձայնության, փոխըմբռնման և ուժերի համերաշխության մթնոլորտ: «Չի կարելի Սահմանադրության փոփոխությունը միայն մեկ ուժի վստահել,- նշեց քաղաքագետը:- Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կա, բայց հիմա դա չի ստացվի: Հայաստանում երկու էական խնդիր կա՝ հասարակության մտածողության փոփոխության և քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրներն են, որոնք ընթացքի մեջ են: Եվ կա երրորդ՝ քաղաքական, տնտեսական վերնախավի փոխհարաբերությունների խնդիրը, որը ևս ընթացքի մեջ է»:
ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ գրեթե բոլորը կարծում էին, որ այս Սահմանադրությունը «կարված է» Սերժ Սարգսյանի համար. «Եթե այդպես է, ապա Սահմանադրությունն ինքն իրենով ճգնաժամ է… Մի հասարակություն, որը հեղափոխություն է արել և գնում է փոփոխությունների ճանապարհով, չի կարող հանդուրժել մի Սահմանադրություն, որը ծառայում էր օլիգարխիկ ռեժիմին: Սահմանադրության փոփոխությունը օրվա խնդիր է, և դրա պահանջը առկա է եղել հեղափոխությունից առաջ, առկա է նաև հիմա»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































