Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Սալեհ ալ-Հասանիին (Saleh al-Hassani)։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Փոլադյանը նախարար ալ-Հասանիին շնորհավորել է պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2017թ. Երևանում կայացած Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին հաջորդող ժամակահատվածի ընթացիկ աշխատանքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, ինչպես նաև պայմանավորվել են նախարար ալ-Հասանիի առաջարկով` Հանձնաժողովի երրորդ նիստն ընթացիկ տարվա դեկտեմբերի առաջին կեսին Բաղդադում անցկացնելու շուրջ, ինչը մեծապես կնպաստի հայ-իրաքյան համագործակցության առավել զարգացմանն ու առաջընթացին` հատկապես տնտեսական բնագավառում։








































