Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նոր անունը դեռևս հստակեցված չէ: Նախարար Հակոբ Արշակյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ քննարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն անվանումը. «Ըստ էության՝ այս անվանումը բնորոշում է նախարարության ամբողջ գործառույթը՝ նաև կապելով ռազմարդյունաբերության հետ: Պետք է բյուջեն բազմապատկվի, որպեսզի կարողանանք ռազմարդյունաբերության մասով ծրագրեր իրականացնել, բազմապատկել կարողությունները և գիտահետազոտության մեջ ճիշտ ներդրումներ կատարել: Մենք մրցունակ ենք աշխարհում, մեր հիմնական շեշտադրումները պետք է դրվեն գիտահետազոտական մտքի վրա, հայ ժողովրդի ստեղծագործ ինտելեկտի վրա հիմնված պրոդուկտների արտահանման վրա»:
«Որոշ ուղղություններ կան, որտեղ ուժեղ ենք: երբեք մեր մտքից չպետք է հանենք համակարգեր ստեղծելու իդեան: Մենք ունենք հսկայական պոտենցիալ»,- նշեց Հ. Արշակյանը՝ անդրադառնալով Հայաստանի գիտական ներուժի հնարավորություններին և հավելեց, որ ֆինանսավորման դեպքում այդ ներուժը հնարավոր է լիարժեք օգտագործել: Նախարարը նաև ընդգծեց, որ խնդիր է դրվել առաջնորդվել նորարարական սկզբունքներով:
Հարցին՝ ֆեյք տեղեկատվությունը գլխացավա՞նք է դարձել նոր իշխանության համար, Հ. Արշակյանը պատասխանեց, որ դա ամբողջ աշխարհում է խնդիր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ է կապված. «Չարժի դրա վրա ժամանակ ծախսել, որ պահին կդառնա գլխացավանք, դա արդեն որպես անվտանգության հարց կդիտարկվի»: Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությանը տեղեկատվական պատերազմ է հայտարարված, Հ. Արշակյանը նշեց. «Մենք մեր գործին ենք լծված, տեղեկատվական պատերազմներով մեզ չեն կարող շեղել»:
Մանրամասն՝ տեսանյութում:






































