Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ներկայացուցիչը՝ Կառլոս Ալֆրեդո Վեկոն, որին Վաշինգտոնում ԱՄՆ-ում Վենեսուելայի գործերի ժամանակավոր հավատարմատար են ճանաչել, հայտարարել է իշխանափոխության դեպքում Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ Թբիլիսիի իրավասությունը ճանաչելու իր երկրի պատրաստակամության մասին։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն։
«Ոչ մի կասկած չկա, որ ամբողջ երկրի տարածքում վերահսկողություն հաստատելուց հետո մենք կաշխատենք Վրաստանի հետ։ Մենք ցանկանում ենք բացել հարաբերությունները Վրաստանի հետ։ Մենք կաջակցենք Վրաստանին և այն միացյալ երկիր կճանաչենք, որն իրավասություն ունի նշված տարածքներում (Աբխազիա և Հարավային Օսիա)։ Այսօր գոյություն ունեցող իրավիճակը հակասում է միջազգային իրավունքին»,-Վաշինգտոնում Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպելուց հետո հայտարարել է Կառլոս Ալֆրեդո Վեկոն։
Նշվում է, որ նա երախտագիտություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար։








































