Չինացի իրավապահները հետաքննում են դեպքի հանգամանքները, որոնք կապված են Յունան նահանգի Բախա գյուղում գտնվող ֆաբրիկան քարուքանդ անելու և ոստիկանական բաժանմունքի վրա հարձակվելու հետ: Այս մասին փետրվարի 12-ին, տեղի բնակիչներին մեջբերելով, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Բախայում շարունակվում են ոստիկանական բաժանմունքի վրա ենթադրյալ հարձակվողների ձերբակալությունները: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին: Իշխանութուններն արդեն ճանաչել են 16 կասկածյալներին, փոխանցում է «Սինհուան»:
Փետրվարի 7-ին ոստիկանական վարչության մոտ գրեթե 100 մարդ է հավաքվել, ովքեր պահանջել են ազատ արձակել ավելի վաղ ֆաբրիկայի վրա հարձակում գործելու մեջ կասկածվողներին: Ակցիան շուտով վերածվել է ոստիկանության հետ բախումների, որի ժամանակ տուժել են երկու իրավապահներ և ակցիայի նվազագույնը մեկ մասնակից:
Ֆաբրիկայի վրա հարձակումը տեղի էր ունեցել փետվարի 3-ին: Տեղի բնակիչների խոսքերով՝ անկարգությունների պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ֆաբրիկայի ղեկավարությունը հրաժարվել է հանդիպել նրանց հետ: Ի պատասխան՝անհայտ անձինք քարուքանդ են արել գրասենյակային շինությունները, հանրակացարանը, վնասել են ֆաբրիկայի մոտ կանգնած մեքենաները, սարքավորումների մի մասը:
Բախայի բնակիչները դժգոհ են, քանի որ մետաղական կոնստրուկցիաներ արտադրող ֆաբրիկան 14 տարի շարունակ աղտոտում է շրջապատի օդն ու ջուրը: Գյուղացիները բողոքել են, որ դրա պատճառով չեն կարողանում վաճառել բրինձն ու գյուղատնտեսական այլ մթերքներ:
«Սինհուայի» տվյալներով՝ 2013 թ. հոկտեմբերին տեղական իշխանություններն արգելել են ֆաբրիկային աշխատել: Մեկ տարվա ընթացքում ծրագրվում է ֆաբրիկան այլ վայր տեղափոխել: Մինչդեռ գյուղի բնակիչները Associated Press-ին հայտնել են, որ ֆաբրիկան շարունակել է աշխատել մինչև հունվարի 31-ը:
Արագ զարգացող արդյունաբերության պատճառով Չինաստանը հաճախ ստիպված է բախվել բնապահպանական խնդիրների հետ:










































